ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակում անկցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովն այս տարի մեկնարկեց հուլիսի 14-ին: դասընթացներից, հանդիպումներից և նախագծերի ներկայացումներից բաղկացած իրադարձությունը կտևի մինչև հուլիսի 16-ը: Աշխատաժողովին ներկայացված 10 հետաքրքիր և յուրահատուկ նախագծերից մեկը կստանա 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակ:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովին ներկայացված ֆիլմերի թեմաները բազմազան են:
«Պատմությունները, որոնք ներկայացվում են աշխատաժողովին և հնչում են թե հայ, թե թուրք ռեժիսորների կողմից, բազմաբնույթ են: Վերջին երկու տարիներին, որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պատմությունները հիմնականում առնչվում են երկու ժողովուրդների պատմական կնճռոտ հարցերին: Բազմաթիվ չպատմված պատմություններ կան: Եթե մենք ունենք պատմական արդարությունը հաստատելու խնդիր, թուրքերն ունեն իրենց պատմությունը վերաճանաչելու և վերաիմաստավորելու խնդիր: Ինքնության հարցն անմիջականորեն առնչվում է պատմության հետ, եթե դու քո պատմությունը չգիտես, դու ինքդ քեզ էլ չես կարող ճանաչել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Սուսաննա Հարությունյանը:
Հարությունյանի համոզմամբ, նման խնդիրներն այսօր արդիական են հենց Թուրքիայում: «Այս տարվա մեր աշխատաժողովների համար ստացել ենք 40-ից ավելի կինոնախագծեր, պատմություններ: Դրանց 80 տոկոսն առնչվում էր Ցեղասպանության իրողություններին, թե դրանք ինչ արձագանք են գտնում այսօր»,-նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ -2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսն ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են աջակցել այս ծրագրին.
«Պատմությունները շատ լավն են, մենք ուրախ ենք աջակցել մշակութային երկխոսությանը»,-նշեց նա:
Նախագծերի հավաքագրումը սկսվել էր 2014 թվականի մայիսի 1-ից, վերջնաժամկետը հունիսի 1-ն էր, որը հետագայում հետաձգվեց մինչև հունիսի 15-ը: Հավաքված նախագծերից 10-ը ընտրվել են մասնակցելու մրցույթին: Դրանցից 5-ը Հայաստանից են, 5-ը՝ Թուրքիայից, ընդ որում երկուսը համատեղ արտադրություն են Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:
Այս տարի կինոպլատֆորմին կներկայացվեն «Մշո ճառընտիր» (ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան), «Քարքարոտ արահետներ» (ռեժիսոր՝ Առնո Խայաջանյան), «Մեկ կանաչ,երեք կապույտ» (ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան), «Վերջին ներարկումը» (ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան), «Փիսիկ» (ռեժիսոր՝ Այսե Փոլատ), «Չուհաջյանի քայլերով» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մեսուտ Թուֆան), «Ծեր ծառը»( ռեժիսոր՝ Մարիամ Օհանյան), «Պաստելի աղոտ նկարը» (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սեվդա Ուսանօղլու), «Ժամանակ», (ռեժիսոր և պրոդյուսեր՝ Նուրիյե Բիլիչի) «Անատոլիական հեղափոխականը.ընկեր Փարամազը», (ռեժիսոր` Կադիր Ակին)նախագծերը:
Ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր և սցենարիստ Գեդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ Նաիրա Սուլթանյանը (Հայաստան):
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունն սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 15 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից: Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։