ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 10-ին` ժամը 13.13-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` թիվ 27 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, ինչից ծառը շրջվել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 35UD132 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ծառն ընկել է` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. զոհեր և տուժածներ չկան:Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը: