Ջորջիո Արմանին քննադատել է Իտալիայի վարչապետի ոճը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին շատ բարձր է գնահատում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին` որպես քաղաքական գործչի եւ ինտելեկտուալ անձնավորության, սակայն կարծում է, որ հագուստի ընտրության հարցում վարչապետը չունի ոճ եւ հաճախ է թույլ տալիս ոճային կոպիտ սխալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Repubblica-ն, Արմանին նման հայտարարություն է կատարել Միլանում տղամարդկանց նորաձեւության ցուցադրումից հետո: Նա ասել է, որ հատկապես բարկանում է, երբ վարչապետը հանրության առջեւ ելույթ է ունենում սպիտակ վերնաշապիկով: Արմանին օրինակ է բերել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային` շեշտելով, որ Օբաման էլ հաճախ չի կրում պիջակ կամ կոստյում, բայց սպիտակ վերնաշապիկը համադրում է փողկապի հետ, ինչը ոճային է եւ յուրահատուկ տեսք է տալիս քաղաքական գործչին:
Արմանին խորհուրդ է տվել վարչապետին հնարավորության սահմաններումկրել քիչ նորաձեւ ապրանքներ եւ աքսեսուարներ, որոնք ընդգծում են նրա մարմնի թերությունները, ինչպես նաև`մնալ դասական ոճում եւ մեծ ուշադրություն դարձնել ժեստերին եւ պահվածքին: Արմանին խոստովանել է, որ հաճախ դիտելով վարչապետի ելույթները կամ հանդիպումները, նյարդայնանում է Ռենցիի «տոսկանյան» շարժուձեւից: