2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի 75-ամյա գիտնական Կլաուս Սամեսը իրեն կենթարկի այսպես կոչված կրիկոնսերվացման գործընթացի, որի ընթացքում օրգանիզմը սառեցնում են հետագայում դրա կենսաբանական գործառույթների վերականգնման նպատակով: Ինչպես հունիսի 23-ին հաղորդել Է գերմանական Bild թերթը, պրոֆեսորն արդեն պայմանագիր Է ստորագրել Միացյալ Նահանգների «Կրիոնիկայի ինստիտուտ» (Cryonic Institute) ոչ առեւտրային կազմակերպության հետ, որի պահեստարաններում նրա մարմինը կպահվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չի սովորի վերակենդանացնել «սառեցված» բջիջները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ենթադրվում Է, որ Սամեսի մարմինը կսառեցվի մինչեւ մինուս 196 աստիճան: Այն բանից հետո, երբ իրավաբանորեն կգրանցվի ուղեղի մահը, նրան կտեղավորեն սառցակտորներով արկղի մեջ, եւ կսկսեն պատրաստել ԱՄՆ տեղափոխմանը: Այնուհետեւ պրոֆեսորին կտանեն Քլինթոն Թաունշիփ քաղաք (Միչիգանի նահանգ), որտեղ գտնվում Է «Կրիոնիկայի ինստիտուտի» կենտրոնակայանը: Այնտեղ նրա երակներից պոմպով կհանեն արյունը, այն կփոխարինեն հատուկ ֆիզլուծույթով, որը հեղուկ ազոտով խցում կպնդանա հետագա սառեցման ժամանակ:
Կրիոնիկայի հիմնադիր Է համարվում ամերիկացի գիտնական Ռոբերտ Էթինգերը: 1962 թվականին նա հռչակվեց՝ հրապարակելով «Անմահության հեռանկարները» (The Prospect Of Immortality) վերնագրով աշխատությունը: Այս գիրքն նկատելի ազդեցություն Է գործել գիտական աշխարհի վրա, ինչի արդյունքում աշխարհում սկսել են կազմավորվել նրա գաղափարների պաշտպանության առաջին շարժումները:
Այժմ գոյություն ունեն սոսկ երեք կրիոնային ֆիրմաներ, որոնք ունեն սեփական պահեստարաններ եւ այս բնագավառում առաջարկում են ամբողջական ծառայություններ: Երկուսը գտնվում են ԱՄՆ-ում, եւս մեկը՝ Ռուսաստանում: Ըստ 2013 թվականի տվյալների՝ իրեն սառեցրել Է շուրջ 250 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: