ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Սիրիայի սահմանին թուրքական ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են սահմանն ապօրինաբար հատել փորձող 8 անձանց, այդ թվում` 3 ադրբեջանցիների: Հավանական է, որ վերջիններս Սիրիա էին մեկնում այնտեղ հակակառավարական ուժերի պայքարին մասնակցող մոջահեդների շարքերը համալրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվածներին արտաքսելու որոշում է կայացվել:
Սիրիայում ապստամբների կողմից Նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, ովքեր Սիրիա են մտել Թուրքիայի տարածքով: Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ, ընդ որում` նրանցից 100-ը զոհվել են 2014 թվականին: