«Մանկական նոր ալիքի» այս տարվա հայաստանյան պատվիրակը հաղթելու մեծ ցանկություն ունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական նոր ալիք-2014» մրցույթում այս տարի կներկայացնի 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Ղրիմում օգոստոսի 16-18-ն անցկացվելիք տոնին պատանին կմեկնի մարտական տրամադրությամբ և հաղթական դափնին Հայաստան բերելու ակնկալիքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասաց, որ սկսել է երգել չորս տարեկանից` «Արևիկ» համույթում: «Նախորդ տարի ևս մասնակցել եմ «Մանկական նոր ալիք» մրցույթին, բայց չեմ անցել եզրափակիչ փուլը: Բացի այդ, մասնակցել եմ «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլին և գրավել երկրորդ տեղը: Այս տարի նույնպես չհանձնվեցի և փորձեցի մասնակցել «Նոր ալիք»-ին և, վերջապես, անցա եզրափակիչ: Շատ հպարտ եմ և շնորհակալ բոլորին` ինձ սիրելու և աջակցելու համար»,-նշեց Դավիթ Վարդանյանը:

Պատանի երգիչը Մոսկվայից Հայաստան է վերադարձել վառ տպավորություններով: «Այնտեղ շատ լավ էր, հատկապես սիրում էի երեկոները, երբ ընկերներով ուրախանում էինք»,-վերհիշում է Դավիթը:

Փոքրիկ երգիչը «Նոր ալիք»-ում հաղթելու մեծ ցանկություն ունի և հավատ: «Ցանկանում եմ գնալ և շատ լավ ելույթ ունենալ, որպեսզի բոլորին դուր գա: Ինչու ոչ` հաղթելու համար եմ գնում»,-փաստեց Դավիթ Վարդանյանը: Թե ինչ երգեր կկատարի երգիչը Ղրիմում` դեռևս հայտնի չէ, քանի որ իր կողմից մրցույթին ներկայացված երգերի ընտրությամբ զբաղվում է պրոֆեսիոնալ ժյուրին: Դավիթը սիրում է դասական երաժշտություն, երգիչներ Լուչիանո Պավարոտիին, Անդրեա Բոչելիին, նվագում է դաշնամուր: Տղային հոգեհարազատ է նաև էստրադային, փոփ, ջազային երաժշտությունը:

Այժմ պատանին սովորում է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, կոմպոզիցիա ուսանում Ստեփան Շաքարյանի մոտ: «Միշտ պետք է խոնարհվեմ նրա առջև: Նա այնքան է ցանկանում, որ ես մեծ կոմպոզիտոր դառնամ, այնպիսին, ինչպիսին ինքն է: Շատ բան ունեմ իրենից սովորելու»,-իր ուսուցչի մասին մեծ ոգևորությամբ է խոսում պատանի երգիչը:

Դավիթի մայրիկը` Արմինե Վարդանյանը վերհիշում է, որ իր տղան փոքր հասակից պնդում էր, որ գնալու է «Եվրատեսիլ» և հաղթելու է: Մայրիկը շատ է հուզվում, երբ իր երեխան մասնակցում է մրցույթների: «Ես ավելի շատ հուզվում եմ, երբ նա երգում է, մտածում եմ, որ ամեն ինչ իդեալական լինի, որովհետև նա կարող է դա»,-փաստեց նա:

«Մանկական նոր ալիք» մրցույթիից առաջ ծնողները Դավիթին հորդորում են լինել ուժեղ. «Դու ազգն ես ներկայացնում, պետք է հնարավորինս ամեն ինչ անես և լավ դրսևորես քեզ»:

«Հնարավոր է, որ երեխան հաղթի, որովհետև ժյուրիի անդամները ևս հավանում են նրան: Իր խորհուրդներով մեզ է օգնում նաև «Արցախի ձայներ» համույթի ղեկավար Լիրա Քոչարյանը»,-հավելեց Արմինե Վարդանյանը:

Դավիթն այս տարի էլ հավանաբար կփորձի մասնակցել հայաստանյան «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլին: Հույս ունի, որ այս անգամ գոնե կհաջողվի հաղթել, և ինքը Հայաստանը կներկայացնի նաև այդ մրցույթում:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա