Սելեկտիվ աբորտներով պայմանավորված` Հայաստանում մինչև 2060 թվականը չի ծնվի մոտ 100 հազար աղջիկ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեկան սեռով պայմանավորված մոտ 1500 արհեստական ընդհատում է կատարվում: Այս միտման շարունակվելու դեպքում մինչև 2060 թվականը չի ծնվի մոտ հարյուր հազար աղջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ներկայացնելով օրենքի նախագծի համար հիմք ծառայած 2012-2013 թվականների «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազտության տվյալները:
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` նորածին երեխաների սեռային հարաբերակցության շեղումը տեղի է ունեցել 1991 թվականից սկսած: Մինչև 2000 թվականը այն հասել է մաքսիմումին` 120 տղա/100 աղջիկ հարաբերակցությամբ, մինչդեռ նորմը 102-106/100 հարաբերակցությունն է: Այսօր արդեն ցուցանիշը 114/100 Է` նորմայից տասը տոկոս ավելի: 1993 թվականից մինչ օրս ունենք աղջիկ երեխաներից 40000-ով ավելի ծնված տղա երեխաներ, ովքեր նոր կմտնեն վերարտադրողական տարիք, և մենք կսկսենք տեսնել այս երևույթի իրական ազդեցությունը հասարակական կյանքի վրա»,- նշեց Հայրապետյանը` հավելելով, որ այս տեսանկյունից ամենախոցելին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերն են, ուր գրանցվել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշը` 124:
ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացնելով սելեկտիվ աբորտի հիմնական պատճառները, նշեց, որ առաջին երեխայի դեպքում այն քիչ է արտահայտված` գերթե չկա, երկրորդ երեխայի դեպքում ցուցանիշը գնալով ավելանում է, իսկ երրորդ երեխայի պարագայում ցուցանիշը կատաստրոֆիկ է: «Երրորդ երեխայի դեպքում 100 աղջկա դիմաց ծնվում է 160 տղա: Չորրորդ երեխայի դեպքում այդ շեղումը կարծես մեղմանում և նվազում է: Սա խոսում է սելեկտիվ աբորտների պատճառներից մեկի մասին, որ եթե ընտանիքը երկու երեխա է ունենում, առավելագույնը երեք, ապա անպայման ուզում է հաջորդ երեխան տղա լինի: Երկրորդ պատճառը դա տղա երեխայի նախապատվությունն է, որ մեր հասարակության, մեր ժողովրդի շրջանում հնուց եկած արժեք է: Հայ ընտանիքները տղա երեխայի մեջ տեսնում են ազգը շարունակելու դերակատարին: Երրորդ պատճառը սեռն իմանալու հնարավորությունն է»,- նշեց Կարինե Սարիբեկյանը:
Նրա խոսքով` հաշվարկային ցուցանիշների համաձայն` հաշվի առնելով, որ հետազոտությունը ընտրանքային է, սեռով պայմանավորված արհեստական ընդհատումով պայմանավորված չի ծնվում տարեկան 2000-ից ավելի աղջիկ երեխա:
Բանախոսները խնդիրն առաջարկում են լուծել ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի միջոցով, որով առաջարկվում է պտղի` միչև 30 շաբաթական դառնալը արգելել բժիշկներին ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: «Հաշվի առնելով կնոջ իրավունքը երեխայի սեռը իմանալու, ապա ժամկետն ընտրվել է 30 շաբաթական հղիությունը, որովհետև դա այն ժամանակն է, երբ կնոջը տալիս ենք փոխանակման քարտը և պատրաստում ծննդաբերության: Մնացած ժամանակը ամբողջովին բավարար է երեխայի հագուստը գնելու և մյուս պատրաստությունները տեսնելու համար»,- պարզաբանեց Սարիբեկյանը:
Օրենքն արդեն շրջանառության մեջ է դրվել և ստացել որոշ գերատեսչությունների դրական գնահատականը և կառավարությանը կներկայացվի: Սակայն այն միանշանակ չի ընդունվել օրենսդիրների և հասարակության շրջանում: Մասնավորապես կա մտավախություն, որ նման արգելանքի պարագայում բժիշկները կգործեն գաղտնի` ծնող-բժիշկ հարաբերություններում առաջացնելով կոռուպցիոն նոր վտանգ: Սարիբեկյանը դրա դեմ եւս «դեղատոմս» ունի. կարելի է դրա դեմն առնելու հատուկ ուղղություններ ամրագրել Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության մեջ:
ԱԺ առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը առաջարկեց շեշտադրումը դնել այնպիսի միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցով կնպաստենք հասարակության մեջ առկա կարծրատիպերի վերացման և ընկալումների փոփոխման վրա: «Հետազոտությունների արդյունքները լուրջ վկայություն են այն մասին, որ մեր երկրում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների աճ, և դա շատ լուրջ խնդիր է մեր երկրի համար: Իհարկե, պետք է միջոցառումներ ձեռնարկել խնդրի կարգավորման շուրջ»,- նշեց Սուքիասյանը` միաժամանակ կրկին նկատելով, որ նման օրենքի ընդունումը կարող է բերել մի շարք վտանգներ` ավելացնել չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը և դրանց դժվար վերահսկելիությունը:
Օրենքի կողմնակիցները, ընդունելով նաև նման մեխանիզմների և քարոզչության կարևորությունը, նշում են ժամանակի սղության և ավելի կտրուկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:
Նման օրենք գործում է աշխարհի երեք երկներում` Չինաստան, Հնդկաստան և Հարավային Կորեա, շատ ավելի խիստ պայմաններով: Հարավային Կորեան միակ երկիրն է, որ 20 տարվա ընթացքում կարողացել է նորմային մոտեցնել ծնվող երեխաների տղա-աղջիկ հարաբերակցությունը: