Կուսակցությունները կարևորում են ոչ այնքան կառավարման մոդելի ընտրությունը, որքան իշխանության հավասարակշռման հարցը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն քաղաքական կյանքին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ոչ այնքան կարևորում են կառավարման այս կամ այն մոդելի ընտրությունը, որքան իշխանությունների տարանջատման և հավասարակշռման ընդունելի մեխանիզմների հաստատումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, պատասխանելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցին, նշեց. «Այն պրոբլեմները, որոնք մենք այսօր ունենք Հայաստանում, այնպես չէ, որ կապված են Սահմանադրության հետ: Բայց ես դեմ եմ խնդիրը պարզունակ դնելուն: Այդտեղից չի բխում նաև, որ չի կարելի Սահմանադրություն չփոխել ու այն էլ ավելի լավը չդարձնել»:

Կառավարման մոդելների նախապատվության հարցին ի պատասխան` Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ն ավելի շատ կողմնակից են կառավարման խորհրդարանական ձևին, բայց նաև այն կարծիքին են, որ այնքան կարևոր չէ կառավարման այս կամ այն ձևը, էական է իշխանությունների տարանջատման խնդիրը: «Իշխանությունների հստակ տարանջատման խնդրի լուծումը գտնվում է գործադիր իշխանության վերահսկման ֆունկցիան պառլամենտի` որպես ժողովրդի կողմից ընտրված, որպես թիվ մեկ վերահսկող օրենսդիր մարմնի կողմից իրացնելու մեջ: Եվ ամենակարևոր խնդիրը` ինչքանով է կարողանում Սահմանադրությունը ապահովել Հայաստանի քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման և նրանից բխող հետևանքների ապահովման հարցը: Դժբախտաբար, մինչև այսօր ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` քննարկման ներկայացված բարեփոխումների նախնական փաթեթն ու մասնագիտական հանձնաժողովի անդամների ելույթները, մինչև այս պահը գոնե իր համար համոզիչ չեն իշխանությունների տարանջատման խնդրի լուծման և ընտրելու իրավունքների ամրագրման ու ապահովման մեխանիզմների տեսանկյունից: «Ավելին, այս փաստաթղթում ես տեսնում եմ իշխանությունների էլ ավելի կենտրոնացում և մեկ քաղաքական ուժի կամ քաղաքական մեծամասնության ձեռքին խիստ կենտրոնացած իշխանություն»,-շեշտեց Խաչատուր Քոքոբելյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են, որոնց կարևությունը գիտակցում են բոլորը: «Ես կարծում եմ, որ բոլորն էլ տեսնում են անհրաժեշտությունը: Տեսնում ենք, որ բավականին հարցեր կան, որ բարձրացվում են, որոնք հետագայում մասնագիտական խմբի մոտ դառնում են քննարկման առարկա: Կարևոր է, որ մասնագիտական հանձնաժողովն ավելի լայն սպեկտրով տեղեկացված լինի, թե ինչ տրամադրություներ, կարծիքներ կան հասարակության լայն շերտերում` կապված սահմանադրական բարեփոխումների հետ»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով կառավարման այս կամ այն մոդելի իրենց քաղաքական ուժի նախապատվությանը` պատգամավորը նշեց. «Կառավարման ձևի ընտրությունն այնքան էլ կարևոր չէ, որքան կարևոր են մեխանիզմները: Բոլոր համակարգերի կենտրոնում պետք է լինեն մարդը, մարդու իրավունքները, և սրա հիման վրա պետք է ձևավորվեն մեխանիզմները»,-նշեց Հովհաննես Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի տեսնում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը` այն արհեստական օրակարգ ձևավորելու փորձ համարելով: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ, որը շատ հեռու է այն օրակարգից, որը առաջարկում է ժողովուրդը: Այսօր կան շատ ավելի հրատապ հարցեր, որոնք ներառում են երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները` արտագաղթ, աղքատություն, գործազրկություն: Ի վերջո ԲՀԿ-ն մշտապես եղել է այն դիրքորոշմանը, որ ցանկացած գաղափար` անգամ լավագույնը, կարող է ռիսկային լինել, եթե չի իրականացվում ճիշտ ժամանակին, ճիշտ իրադրության մեջ»,-հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, հաշվի առնելով հասարակական գիտակցության մակարդակն ու դինամիկ զարգացումը, տեսնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: «Սահմանադրության և սահմանադրական գիտակացության տեսանկյունից մեր փորձառությունը, մեր գիտակցությունը ու կարողություններն ավելին են, քան սրանից տասը տարի առաջ: Իրավիճակն էլ դինամիկ փոխվում է և փոփոխության կարիք կա: Այլ հարց է, թե որքանով են դրանք հրատապ: Եթե այսօր տեսանելի են հարցեր, հատկապես իրավունքի գերակայության պաշտպանության առումով, անկասկած կարելի է գնալ այդ ճանապարհով»,-նշեց Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ կիսում է ՍԴ նախագահի այն տեսակետը, որ իրավական համակարգը պետք է թույլ տա սահմանադրության էվոլյուցիոն զարգացում: «Այսինքն` մենք պետք է հնարավորություն ունենանք, ելնելով ստեղծված իրավիճակից, հանրային կյանքում ձևավորված գործոններից, օպերատիվ արձագանքել այդ իրավիճակներին և սահմանադրության մեջ մտցնել այնպիսի փոփոխություններ, որոնք ադեկվատ լինեն սահմանադրականին: Ես կարծում եմ, որ այդ առումով շատ օգտակար կլիներ իրավական համակարգում ներմուծել «սահմանադրական օրենք» հասկացությունը: Դա շատ օգտակար կլիներ, որպեսզի ստեղծված իրավիճակները սահմանադրության մակարդակով փոփոխության ենթարկվեն: Պետք չէ սպասել, որ ամբողջ ժողովրդով փոփոխենք սահմանադրության մեջ որևէ կետ»,-ասաց Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանի համար կառավարման մոդելների ընտրության հարցը չէ սկզբունքային, այլ իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման իրական գործիքների խնդիրը: «Շատ ավելի կարևոր է իշխանությունների տարանջատման ու հակակշռման սկզբունքը քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, քան թե բուն համակարգի ընտրությունը: Շատ էական է, որ հասկանանք պետական իշխանությանը վերապահված պատասխանատվությունները հանրային կյանքում: Սրանք հարցադրումներ են, ըստ իս, որոնք շատ էական են նաև առօրյա կյանքում իրավական կիրառական պրակտիկան իրականացնելիս: Երբ ասում ենք պետություն, բոլորս նայում ենք վերև, շատերի մոտ պետությունն ու պետական մարմինները նույնացված են: Եթե ես և դուք պետական մարմիններում չենք, դա չի նշանակում, որ մենք պետության մեջ չենք, իսկ սա իր հետ բերում է նոր աղավաղված մոտեցումներ: Պետությունը պետական մարմիններն են, պետական մարմինները պետական պաշտոնյան է, պետական պաշտոնյան պետությունն է, որտեղից ծնվում են բազում պրոբլեմներ: Սա պետք է սահմանադրորեն կարգավորվի, քանի որ ես կարծում եմ` մեր հանրային կյանքը թևակոխում է նոր փուլ ու սահմանադրական հենքը շատ կարևոր է»-եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումները մեկնարկել են մայիսի 20-ին: Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները անցկացվում են հունիսի 5-ին և 6-ին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում