Ֆիդայատոնը` Գևորգ Չավուշի աշնակյան թանգարանում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշնակ գյուղի բնակիչների հետ մասնակցեց Գևորգ Չավուշի մահվան 107-րդ տարելիցին, որն ամեն տարի նշվում է որպես ֆիդայատոն։ Տոնն այս տարի նշանավորվեց նաև Չավուշի թանգարանի վրա թևատարած արծվի քանդակի տեղադրմամբ։ Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարեցտարի ընդլայնվում է տոնախմբության մասնակիցների թիվը։ «Հատկապես մշեցիների և սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել: Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և համազգային տոնախմբության»,- «Արմեպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարգարյանը։
Այնուհետև քաղաքապետն աշնակցիների և Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ շարժվեց դեպի Գևորգ Չավուշի թանգարան: Ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով քանդակագործ Գևորգ Գևորգյանի իրականացրած արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խոսելով քանդակի մասին՝ քաղաքապետը նշեց, որ արծիվը նայում է դեպի Արևմտյան Հայաստան, դեպի էրգիր գնալու ճանապարհը։ «Այստեղ ապրողների համար, ովքեր հիմնականում գաղթել են Մուշից և Սասունից, սա երազանք էր, և այսօր կարողացանք ավարտին հասցնել այս գործը։ Ես ինքս էլ արմատներով մշեցի եմ և ուրախ եմ, որ մշեցիների ու սասունցիենրի հետ այսօր տոնում եմ այս օրը»,- ասաց նա։
Տոնակատարությանը մասնակցում էր նաև Գևորգ Չավուշի մորեղբոր տղան՝ Հարություն Բարսեղյանը, ով թեև արդեն 86 տարեկան է, սակայն երիտասարդական եռանդով պատմեց թանգարանի ստեղծման պատմությունը։ «Այս թանգարանը կառուցել է Չավուշի հորեղբոր ծոռը՝ Գևորգ Մելքոնյանը։ Շենքի շինարարությունն սկսվել է 1965 թվականին և շարունակվել 15 տարի։ Այդ ողջ ընթացքում Գևորգը չի ընդունել ոչ մեկի աջակցությունը, այլ միայն սեփական միջոցներով ավարտին է հասցրել շինարարությունը»,-պատմեց Բարսեղյանը։ Նրա պատմությունը շարունակեց Գևորգ Չավուշի մեկ այլ ազգական` Ծովինար Հակոբյանը, ով տեղեկացրեց, որ թանգարանը հազվադեպ է բացում իր դռները, թեև զբոսաշրջիկները հաճախ են այցելում Աշնակ։ «Թանգարանը չունի մշտական աշխատակիցներ և հիմնականում մարդաշատ է լինում միայն մայիսի 27-ին, երբ գյուղում նշվում է ֆիդայատոնը։ Մյուս օրերին մեր ընտանիքն է փորձում օգնել այցելուներին և նրանց պատմել Չավուշի և ազատագրական պայքարի մյուս ֆիդայիների պատմությունը»,-ասաց Հակոբյանը։
Միջոցառումն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, իսկ օրն ամփոփվեց տոնական ճաշկերույթով։
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ազգականների ջանքերով 1976 թ. հիմնադրվել է Գևորգ Չավուշի թանգարանը, որի հարավ-արևմտյան պատին նրա հարթաքանդակն է: Ճարտարապետն է մեծանուն Ռաֆայել Իսրայելյանը:Գևորգ Չավուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ Երևանում, ՀՀ և ԼՂՀ այլ վայրերում: