Մարզային

Արմավիրի մարզն ու Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասը կհամագործակցեն

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզն ու Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասը կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 27-ին, ընդունել է Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը` երկրամասի գործադիր մարմնի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, եւ պատվիրակությունը ժամանել է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Չեխիայի հետ միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումն ու զարգացումը, եւ նման մակարդակով բազմակողմ համագործակցություն ծավալելու համար առկա են բոլոր նախադրյալները:

«Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-նշել է փոխվարչապետը: Արմեն Գեւորգյանը հեռանկարային է համարել մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:

Միրոսլավ Նովակը նշել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ գործարարներ, ովքեր այցի ընթացքում կծանոթանան հայկական շուկային, կնախանշեն հետագա գործակցության ուղղությունները: Չեխ գործարարների համար հետաքրքիր կարող են լինել գյուղատնտեսության, Հայաստանից գյուղմթերքի արտահանման, Չեխիայից գյուղտեխնիկայի ներկրման ուղղությունները, ուսումնասիրվում են նաեւ այլ ոլորտներում գործակցության հնարավորությունները:

Կողմերը կարեւոր են համարել գործարար շփումների ակտիվացումը: Նշվել է, որ երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապի առկայությունը եւս բարենպաստ պայմաններ է ստեղծում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում