Վիրահայոց թեմի առաջնորդը` եկեղեցիների կարգավիճակի, Վրաստանի կառավարության խոստումների եւ հայ կալանավորներին օգնելու մասին

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրահայոց թեմում առկա խնդիրների, Վրաստանում հայկական խոնարհված եկեղեցիների ճակատագրի, Ջավախքում իրավիճակի, Վրաստանում հայ կալանավորներին եկեղեցու աջակցության, Ջավախքում աղանդավորների ակտիվանալու մտահոգությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

-Սրբազան հայր, այսօր ի՞նչ խնդիրներ կան Վիրահայոց թեմում:

-Առաջին հերթին մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որ Ձեր միջոցով իր հետաքրքրությունն ու մտահոգությունն է դրսևորում Վիրահայոց թեմի և վրացահայ համայնքի կյանքի և խնդիրների առնչությամբ: Մեզ համար մխիթարական է, որ Հայաստանի լրատվամիջոցները անկեղծորեն հետաքրքրված են Վրաստանի հայ համայնքի և Հայ Եկեղեցու այսօրվա կյանքով, նրա ձեռքբերումներով և դժվարություններով: Անշուշտ, վրացահայ հնամենի համայնքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, ինչպիսիք են, օրինակ, հայկական պատմական հուշարձանները թեմին չվերադարձնելը, հայկական դպրոցներում Հայաստանի պատմության չդասավանդումը, համայնքային կառույցների ոչ լիարժեք կազմակերպվածությունը, հոգևորականների պակասը և, իհարկե, արտագաղթը: Բայց հակառակ վերոհիշյալ դժվարությունների, վրացահայ համայնքը, իր Եկեղեցով և համայնքային կառույցներով շարունակում է ապրել՝ հավատարիմ մնալով դարերի ընթացքում կերտած իր ուրույն դիմագծին:

-Նախկինում խոսվում էր, որ վրացական իշխանությունները ճնշումներ են գործադրում Վիրահայոց թեմի վրա: Այսօր նման ճնշումներ կա՞ն:

-11 տարուց ավելի է, ծառայում ենք Վրաստանում՝ որպես Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ և երբեք Վրաստանի իշխանությունների կողմից ճնշումների չենք ենթարկվել: Մշտապես Վիրահայոց թեմը, թե՛ Թբիլիսիում, թե՛ Ջավախքում, իր աշխատանքները կազմակերպել է բաց, ազատ և անխոչընդոտ: Իսկ եթե որոշ տեղերում դժվարություններ են ծագել, ապա դրանք հարթվել են: Ասվածի ապացույցը վիրահայոց թեմի և Ջավախքի փոխառաջնորդության օրավուր կայացումն է: Ցավոք, չլուծված են մնում վիրահայոց թեմի գործող կամ խոնարհված եկեղեցիների և գույքի՝ թեմին վերադարձնելու հարցը, որը կարիք ունի Վրաստանի կառավարության հատուկ հոգածության:

-Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Ո՞ր փուլում է հայկական եկեղեցիների` թեմի ենթակայությանը հանձնվելու գործընթացը:

-2011թ. Վրաստանի քաղաքացիական օրենսդրության մեջ կատարվեց փոփոխություն. Վիրահայոց թեմը, ի թիվս ավանդական կրոնական այլ համայնքների, գրանցվեց և դարձավ հանրային իրավունքի սուբյեկտ: Սակայն օրենսդրությամբ չկարգավորվեց մեխանիզմը, թե ինչ ձևով վրացահայոց թեմին և կրոնական մյուս համայնքներին կվերադարձվի խորհրդային տարիներին բռնագրավված գույքը: Այս տեսակետից թեմն այսօր բավական դժվար կացության մեջ է. գործում են եկեղեցիներ, կից՝ կրթամշակութային, երիտասարդական կենտրոններ, բայց այս ամբողջի սեփականատերը կամ նույնիսկ վարձակալը իրավաբանորեն թեմը չի հանդիսանում, ինչը մեծ դժվարություններ է հարուցում նույնիսկ կենցաղային մակարդակում: Մենք չենք կարող լույսի, գազի, ջրի բաժանորդ լինել, քանի որ այդ կառույցները իրավաբանորեն մեզ չեն պատկանում: Այս պատճառով շատ տեղերում կոմունալ վճարումները կատարվում են ֆիզիկական անձերի անունով:

-Ի՞նչ պետք լինեն արդեն խոնարհված եկեղեցիները, օրինակ` Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգը և Սուրբ Նշանը:

-Վրաստանի կառավարությունը 2013թ. որոշում է կայացրել՝ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիներին հարող տարածքի բնակիչներին հատկացնել փոխհատուցում և ազատել տարածքը՝ վերականգնման կամ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: 2012 թ. Սուրբ Նշան եկեղեցում ամրացման որոշակի աշխատանքներ կատարվեցին և շուտով դադարեցվեցին, իսկ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում ոչինչ արված չէ: Նույն իրավիճակն է Թբիլիսիի Սուրբ Նորաշեն և Սուրբ Մինաս եկեղեցիներում: Հակառակ մեր խնդրանքներին՝ ուղղված Վրաստանի կառավարությանը, որ մեր նշյալ սրբավայրերը վերադարձվեն թեմին, որպեսզի թեմը ստանձնի դրանց նորոգությունն ու պահպանումը, այդպես էլ մնում է «ձայն բարբառո հանապատի», կամ լավագույն դեպքում տրվում են վաղվա օրվա խոստումներ:

-Վրաստանի կառավարությունը վերջերս որոշում կայացրեց փոխհատուցել Վրաստանում առկա 4 եկեղեցիների, այդ թվում նաև Հայոց եկեղեցու կրած վնասները խորհրդային ժամանակներում: Ի՞նչ ընթացք է ստացել այս որոշումը: Որքան գումար է տրամադրվել եւ հայկական եկեղեցին ի՞նչ խնդիրներ է հոգալու այդ գումարներով:

-2014 թ. հունվարին ընդունված Կառավարության որոշումը մինչ օրս կյանքի չի կոչվել: Կրոնական չորս համայնքները որևէ տեղեկություն չունեն Կառավարության կողմից գումարների տրամադրման մասին: Մի բան է միայն հայտնի, որ նախօրոք որոշվել էր փոխանցել 4,5 միլիոն լարի, որը կրճատվեց, դարձավ 3,5 միլիոն լարի, և այս պահին վարչապետին կից ստեղծվել է կրոնական համայնքներով զբաղվող մարմին, որն էլ հավանաբար առաջիկայում կզբաղվի այս խնդիրներով: Երբ պարզ կլինի, թե Վիրահայոց թեմին որքան միջոց է տրամադրվելու Վրաստանի կառավարության կողմից, այն ժամանակ էլ կմտածենք նյութական միջոցները ծախսելու ծրագրերի մասին:

-Վիրահայոց թեմը լայնածավալ գործունեություն է կատարում վրացական բանտերում դատապարտված հայերի համար: Խնդրում եմ մանրամասնեք թե կոնկրետ ի՞նչ աշխատանք է իրականացնում:

-Արդեն 9 տարի է, ինչ Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորները Վրաստանի կալանավայրերում այցելում են հայազգի կալանավորներին, մխիթարում և ըստ կարելվույն օժանդակում են նրանց և նրանց ընտանիքներին: Առաջնորդարանին կից ստեղծվել է սոցիալական ծառայություն, որը զբաղվում է նաև կալանավայրերով, և Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի պատասխանատվությամբ աշխատանքները ընթանում են կանոնավոր կերպով: Տարբեր են հայ կալանավորների խնդիրները, բայց քահանան կարողանում է Ավետարանի քարոզության միջոցով շատերին դարձի բերել և դարձնել հասարակության լիարժեք անդամ: Շատերին օգնել ենք հաշտվել և միավորվել ընտանիքի հետ: Կանանց կալանավայրերում հաճախակի բաժանվել է ոչ միայն հոգևոր գրականություն, այլև հումանիտար օգնություն: Իսկ Հայաստանի քաղաքացիներին, Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ միասին, ցուցաբերվել է ինչպես իրավաբանական, այնպես էլ նյութական օգնություն: Հոգևոր սպասավորները չեն երկնչել նաև քաղբանտարկյալներին այցելել, և մշտապես աշխատանքներ են կատարվել նրանց և նրանց ընտանիքներին օժանդակելու:

-Խոսակցություններ են շրջանառվում, որ Ջավախքում ակտիվացել են աղանդավորականները: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը եւ արդյո՞ք դա այնտեղ հոգեւորականի բացակայության հետեւանք չէ:

-Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի բնակավայրերում այս տեսակետից նույն իրավիճակն է: Որտեղ հոգևոր սպասավորներով թեմը կարող է ապահովել, այնտեղ իրավիճակը փոխվել է, և ժողովուրդը իր հոգևոր, կրոնական կյանքը վերակազմակերպել է՝ Հայ Եկեղեցու կանոնների և օրենքների համաձայն: Սակայն հոգևոր սպասավորների անբավարարության պատճառով որոշ համայնքներ մնում են ոչ ամբողջական եկեղեցական խնամքի ներքո, ինչը, սակայն, չի նշանակում, որ ակտիվանում են աղանդավորները: Ընդհանրապես աղանդավորությունը դա ոչ այնքան հոգևորականի պակասի, որքան սոցիալական հարց է, և մենք լիահույս ենք, որ կյանքի բարելավումով և քահանաների համապատասխան թվաքանակով առաջիկա տարիներին դրական արդյունք կամրագրենք: Նշենք, որ հոգևորականների տրամադրման հարցը գտնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուշադրության ներքո:

-Երեւանում հաճախ են ահազանգում, որ Ջավախքում մշակութային եւ հոգեւոր սով է: Արդյո՞ք դա այդպես է: Որքանո՞վ են ջավախահայերը կապված եկեղեցուն:

-Հոգևոր սովը այսօր տիրում է ողջ աշխարհում... Ջավախքահայության միջոցներով ամեն տարի նորոգվում և վերաօծվում է 3-5 եկեղեցի: Սա ճիշտ հակառակի մասին է խոսում: Եկեղեցական և ազգային տոները քահանաների առաջնորդությամբ կազմակերպվում են Ջավախքի տարբեր բնակավայրերում, բայց, իհարկե, պիտի ընդունենք, որ արվածը բավարար չէ և դեռ շատ անելիքներ կան:

-Որքանո՞վ է իրատեսական Ջավախքում թեմի բացում: Արդյոք առանձին թեմը կկարողանա լուծել Ջավախքում հոգեւոր խնդիրները:

-Ջավախքում գործում է ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որը գրանցված է Վրաստանի պետական ռեեստրում, ունի կնիք, հաշվեհամար և ինքուրույն գործելու հնարավորություն: Փոխառաջնորդության աշխատանքներն այսօր կազմակերպվում են փոխառաջնորդ Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանի կողմից: Պետք է ասել, որ կարևորը անվանումը չէ, այլ բովանդակությունը, և բովանդակային առումով փոխառաջնորդությունը լիարժեք գործելու բոլոր հնարավորություններն ունի:

Թող մեր հայրերի Աստված խաղաղությամբ պահի Հայաստան, Վրաստանը աշխարհները, մեր ժողովուրդներին, մնացած բոլոր հարցերը ժամանակի ընթացքում բարի կամքի և բարեկամական փոխհարաբերությունների շրջանակում կլուծվեն:

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի

Հայերեն English Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը