Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և վստահ ենք, որ ոճրագործներն արդարացի պատժի կարժանանան»: