Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ հանրությունն իրեն հավատալու է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագիրը հաստատվել է, և գործադիրը պետք է ձեռնամուխ լինի խոստումների իրականացմանը: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկայում կհանդիպեմ ձեզ հետ և երկար կզրուցենք: Կառավարության ծրագիրը հաստատվել է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր խոստումներն իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:
Հարցին, թե արդյոք կտեղավորվե՞ն գործարարները իր տված ժամկետի մեջ, Աբրահամյանն ասաց․ «Ես ժամկետ չեմ տվել, ես առաջարկել եմ, որ իրար հետ մենք աշխատենք և երկրի առջև ծառացած մեր խնդիրներին լուծում տանք, ես էլ իրենց օգնելու եմ, աջակցելու եմ, և իմ խնդիրն է, որ իրենք օրենքի շրջանակներում աշխատեն»։
Դիտարկմանը, թե հանրությունը չի հավատում իր տված խոստումներին, վարչապետն ասաց, որ ինքը այդ տեսակետին համամիտ չէ։ «Դուք հանրության անունից ինչո՞ւ եք խոսում։ Գոնե ասեք` հանրության մի մասը։ Ես հավատում եմ, որ վստահելու է»,- ընդգծեց վարչապետը:
Նա պնդեց, որ իր կողմից որևէ ճնշում չկա և չի եղել գործարարների վրա, հատկապես` արդեն իսկ նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանի, ով այսօր դուրս է եկել կուսակցությունից և խմբակցությունից։ «Ոչ, դուք չե՞ք զգում, որ դա իմ ձեռագիրը չի, որ ես որևէ մեկի վրա ճնշում գործադրեմ։ Կարող եմ խնդրել, համոզել, առաջարկել, հորդորել, բայց ճնշում գործադրել՝ ոչ»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու տեղեկացրեց, որ Կարեն Բոթոյանն այսօր իրեն մոտեցել է ու ասել, թե առաջարկել են, որ ինքը դուրս գա խմբակցությունից և հավելել, որ ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին: