Պաշտոնական

Հայաստանի և Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը. Սերժ Սարգսյան

10 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բացման ելույթում ՀՀ Նախագահն նշել է, թե ուրախ է, որ Նախագահ Օլանդի պետական այցը Հայաստան նշանավորվում է հայ-ֆրանսիական գործարար համաժողովի անցկացմամբ: Պատահական չէ, որ հենց այս միջոցառումով է տրվում Նախագահ Օլանդի պետական այցի մեկնարկը: «Թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասել է նա:

Իր գոհունակությունը հայտնելով այն կապակցությամբ, որ համաժողվին ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ` ՀՀ Նախագահն ընդգծել է, որ այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլև կարևոր հարթակ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով:

Նա համոզմունք է հայտնել, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Ըստ Սերժ Սարգյսյանի` այդ առումով հայ և ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից: «Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք՝ 11-14-րդ դարերում, հայոց արքաները առևտրային լայն արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին, իսկ 17-րդ դարում կարդինալ Ռիշելյեն հատուկ լիազորություն է ընձեռել հայ վաճառականներին: Հայերն իրենց ներդրումն են ունեցել Մարսելում, ապա Փարիզում քաղաքային առաջին սրճարանների ստեղծման գործում: Անցյալի այս դրական փորձն այն կարևոր հիմքն է, որի վրա պետք է ընդլայնենք և ամրապնդենք մեր տնտեսական կապերը»,-շեշտել է Հայաստանի ղեկավարը:

Նրա խոսքով` մեր երկրում վստահ են, որ գլոբալ մարտահրավերների և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն և կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների և, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի: «Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է: Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Նա վստահություն է հայտնել առ այն, որ՝ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: «Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դեպի Եվրասիական շուկա դուրս գալու համար, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Նա գոհունակությամբ նշել է, որ վերջին 22 տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխշահավետ համագործակցություն է զարգացել, որի արդյունքում առկա է դինամիկ օրակարգ և առանձնաշնորհյալ հարաբերություններ:

«Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները»,- հավելել է Սերժ Սարգսյանը` Հայաստանի համարպատիվ համարելով, որ երկրում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: «Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար», ընդգծել է ՀՀ նախագահը:

Նրա գնահատմամաբ` Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաև վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում: «Նախագահ Օլանդի և ինձ համար շատ կարևոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:

Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1-ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը, նրա խոսքով, լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:

«Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ»,- դիմելով ֆրանսիացի գործարարներին` ընդգծել է Հայաստանի ղեկավարը` լիահույս լինելով, ո որ նրանք լավագույնս կօգտվեն համաժողովի ընձեռած հնարավորություններից` նոր գործընկերային կապեր հաստատելու համար: Այդ ակնկալիքով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովը հայտարարել է բացված՝ մասնակիցներին մաղթելով հաջողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում