Հայաստանում տղամարդիկ միջինում ամուսնանում են 30, կանայք` 26 տարեկանում. Վիճակագրություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել են և' ամուսնությունների, և' ամուսնալուծությունների դեպքերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետԿարինե Կույումջյանը: «Ամուսնություններն այս եռամսյակում աճել են 3.3 տոկոսով` կազմելով 4744 դեպք, իսկ ամուսնալուծության դեպքերն ավելացել են 34.9 տոկոսով և կազմել են 1210` նախորդ տարվա 897-ի համեմատ: Սրանք գրացված դեպքերն են, որոնք արձանագրվում են Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններում»,-ասաց Կարինե Կույումջյանը:
Նրա հաղորդմամբ, յուրաքանչյուր 1000 գրանցված ամուսնություններին բաժին է ըկնում 255 ամուսնալուծության դեպք, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 195: «Նախորդ տարվա կտրվածքով ընդհանուր ամուսնալուծությունների մեջ ամուսնալուծությունների ամենամեծ տեսակարար կշիռը` շուրջ 30 տոկոս, կազում են 20 տարի և բարձր համատեղ կյանքից հետո ամուսնալուծության դեպքերը: Դրան հաջորդում են 1-4 տարի ամուսնական կյանքով ապրած ամուսինների ամուսնալուծությունները` 23.1 տոկոս»,-հայտնեց Կույումջյանը:
«Արմենպրես»-ի հարցին, թե որքան է կազմում ամուսնությունների միջին տարիքը, Կարինե Կույումջյանը նշեց, որ վերջին տարվա դրությամբ տղամարդկանց դեպքում կազմում է 30, կանանց համար` 26 տարեկան: «Առաջին ամուսնությունների դեպքում մեկ տարով պակաս է միջին տարիքը` տղամարդկանց դեպքում` 29 տարեկան, աղջիկների` 25 տարեկան»,-նշեց նա: