ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հարգանքի տուրք կմատուցի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, նվագախումբը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, ապրիլի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»: Երեկոյի ընթացքում տեղի կունենա Աննա Սեգալի` «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» սիմֆոնիկ նվագախմբի և ասմունքողի համար ստեղծված գործի համաշխարհային պրեմիերան: Կասմունքի Արամ Հովհաննիսյանը: Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար`Ռոբերտ Մլքեյան) երգչախմբերը: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և բաս-երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի քեսաբահայության օգնությանը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: