Հասարակական

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին /լրացված/

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին: Նախագահական նստավայրում հանդիպումից հետո Twitter-ի փոխնախագահն իր եւ ՀՀ Նախագահի` հեռախոսով ինքնանկարն է արել (սելֆի). այդ մասին վկայող լուսանկարը հրապարակել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հենց թվիթերում:

Ավելի ուշ Գրիգորյանն իր միկրոբլոգում ավելացրել է սելֆին ու նշել, որ նախագահի համար թվիթերում պետք է հաշիվ բացել:

Րաֆֆի Գրիգորյանը Հայաստանում է«Թումո»-ում վարելու ծրագրավորման առաջադեմ դասընթաց` համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետների համար: Րաֆֆի Գրիգորյանն առաջին անգամ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է այցելել2012 թվականին:

Որպես Twitter-ի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանը ղեկավարել է ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար: Նախքան Twitter-ին միանալը, Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերությունը, որը Business Week ամսագիրն անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև O'Reilly Media-ի հրատարակած "TiVo Hacks" գրքի հեղինակն է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբ»-ի նախկին անդամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում