Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումները միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ համընկնում են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան պաշտոնական այցի բանակցություններն անցել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ:

Նախագահները նշել են փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Երկու պետությունների ղեկավարներն արտահայտել են միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:

Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական են գնահատել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատել դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստել են միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատել են միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծել են ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատել են գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:

Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվել են բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Երկու պետությունների ղեկավարները նշել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվել է Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվել են երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն են դարձրել հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:

Երկու պետությունների ղեկավարները հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրել է Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հայերեն English Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել