ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը հանձնել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, գործառույթների փոխանցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը կառավարող ընկերությունը վաճառվել է Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը, և անհրաժեշտություն կար էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը հանձնել պետական ընկերության։
Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերն իրականացվում են 1998 թվականից։ Այդ գործառույթը նախկինում վերապահված է եղել «Հայէներգո» ընկերությանը, այնուհետև «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ին։
ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29-ին «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել:
Գոհար Ավետիսյան