5 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մարտի 16-ին Գյումրիում էր: Նախարարն անձամբ եկել էր շնորհակալություն հայտնելու Արցախում այս պահին իրենց զինվորական ծառայությունն իրականացնող շիրակցի զինվորների ծնողներին և նաև վստահեցնելու, որ իրենց զավակներն ապահով ձեռքերում են: Նախարարն իր հետ Գյումրի էր բերել Շիրակի մարզից զորակոչված և պաշտպանության բանակում ժամկետային ծառայության անցած այն զինվորներին, ովքեր իրենց պարտականությունները կատարում են գերազանց: Առաջին անգամ բանակում ծառայող լավագույն զինվորներին, ծառայության ընթացքում հնարավորություն տրվեց ծնողների հետ հանդիպել ոչ թե ծառայության վայրում, այլ Գյումրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի պաշտպանության բանակի հրամատարության նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը, որը նպատակ ունի ամրապնդելու բանակ-ընտանիք փոխադարձ կապը, առաջին անգամ էր անցկացվում: Բայց, ինչպես Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց նախարարը՝ միջոցառումը շարունակական բնույթ կկրի: «Այս միջոցառման նպատակը միակն է՝ ամրապնդել բանակ-ընտանիք կապը: Շիրակը մեր հայրենիքի այն մարզերից է, որն առանձնանում է իր մշակույթով, բայց նաև տեսած դառնություններով, բայց երբեք դա շիրակցուն չի ընկճել. և՛ Արցախյան գոյապայքարի ժամանակ, և՛ այսօր Շիրակի արու զավակները իրենց զինվորական պարտականությունները կատարում են մեր հայրենիքի ամենակարևոր մասում` Արցախում: Այսօր ես եկել եմ այստեղ զեկուցելու, որ շիրակցիները իրենց պատրականությունները կատարում են պատվով: Ձեր զավակները շարունակում են ավագ սերնդի հաջողությունների իրականացումը»,-նշեց ԼՂՀ պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենան Մովսես Հակոբյանը:
Նախարաը նաև ծնողներին ներկայացրեց զինվորի առօրյան, կարևորեց մարտական հերթապահություն կատարող զինվորների դժվարին աշխատանքը: «Վստահ եղե՛ք, որ այսօրվա խաղաղությունը Արցախում տիրում է միայն ու միայն հայ զինվորի բազկի հզորության շնորհիվ: Նմանատիպ զինվորների ծառայությունն է, որ հակառակորդին պարտադրում է խելոք լինել: Ծառայությունը դժվար է, քանի որ այն իրականացվում է հակառակորդի հետ անմիջապես շփման պայմաններում, բայց երբեք, եթե զինվորը լավ զինվոր է, դրա մասին իր ծնողին չի ասի»,- նշեց նախարարը:
Մովսես Հակոբյանն անձամբ շնորհակալագրեր հանձնեց ԼՂՀ սահմանում ծառայող 123 զինվորների ծնողներին՝ տալով նաև թույտվություն 5 օր ընտանիքում մնալու:
Բանակում ծառայության մասին ելույթ ունեցան նաև զինվորների ծնողները, զինվորներն ու հրամատարները, Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, ով բոլորին փոխանցեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենատ Մանվել Գրիգորյանի ողջույնն ու բարեմաղթանքերը: Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց այն զինվորների ծնողներին, ում զավակները բանակում բարձր են պահում շիրակցու անունը: Քաղաքապետն իր անունից հուշանվեր հանձնեց նաև Մովսես Հակոբյանին և զինվորներին, իսկ զորամասերց մեկին նվիրեց երաժշտական ձայնաուժեղացնող սարք: Քաղաքապետը խոստացավ նաև տրանսպորտային միջոց տրամադրել ծողներին, ովքեր ցանկություն կհայտնեն գնալ զորամասեր: «Սա աննախադեպ երևույթ է, երբ զինվորին տուն են բերում նախարան ու հրամանատարները: Ունենք սոցիալական խնդիրներ և՛ պետության մեջ, և՛ քաղաքում, բայց ունենք անկախ երկիր և մարտունակ բանակ, որով պետք է հպարտանաք: Խոնարհվում ենք այն ծնողների առաջ, ովքեր լավ զինվորներ են դաստիարակել»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ներկաներին ողջույնի և շնորհակալական խոսեր հղեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով Արցախյան հերոսամարտում ունեցած անուրանալի ավանդի համար Շիրակի մարզի երեք ազատամարտիկներ՝ Իգոր Զաքարյանը, Հովհաննես Շեկոյանը և Դավիթ Չերնամորյանը, պարգևատրվեցին ԼՂ բանակի հուշամեդալով: