Պաշտոնական

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությանը

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 21-ի երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Կազմակերպիչների հավաստմամբ, ամենամյա այս մրցանակաբաշխությանը նպատակն է խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ Մրցանակաբաշխության կազմակերպիչների տվյալներով, տարբեր անվանակարգերում հայտ ներկայացնող կազմակերպությունների թիվն աստիճանաբար ավելանում է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,մրցանակաբաշխության ժամանակ ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների են արժանացել 2013թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են սահմանվել Կոմիտասյան համերգաշարի համար, որին արժանացել է Արփինե Կալինինան, Առաջնորդության զարգացման միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար՝ «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների ասոցիացիա AIESEC-Հայաստանը, «Երիտասարդության հետ լավագույնս համագործակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը (Netherlands Institute for Multiparty Democracy), սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար՝ Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը, Երիտասարդների և պատանիների շրջանում իրականացվող լայնածավալ աշխատանքի համար՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեմ ուղղված «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագրի համար՝ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն:

Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացել են նան «ԱրմԹաբ» հայկական պլանշետի։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել և ողջունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը, որովհետև այն, ըստ Նախագահի, ուղղում է երիտասարդների էներգիան, նրանց հոգում եղած հուրը դեպի դրականը և մասնակից դարձնում մեր երկրի բարեփոխումներին: Նշելով, որ ցանկացած մրցանակաբաշխություն, մրցույթ, ընտրություն երիտասարդների համար լավ հնարավորություն է դրսևորելու իրենց առավելությունները հասակակիցների նկատմամբ՝ լինել առաջինը, լավագույնն այս կամ այն ոլորտում, Հանրապետության Նախագահը հետագա նորանոր հաջողություններ և մրցանակներ է մաղթել երիտասարդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում