Մշակույթ

Աշխարհում առաջին հայկական բաս քանոնը հանդիսատեսին անտարբեր չթողեց

4 րոպեի ընթերցում

Աշխարհում առաջին հայկական բաս քանոնը հանդիսատեսին անտարբեր չթողեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հեղինակած և երաժշտարվեստում իր շուրջ արդեն մեծ ուշադրություն գրաված աշխարհում առաջին «բաս քանոն» երաժշտական գործիքը հանդիսավոր համերգային ծրագրով ներկայացվեց հանրության դատին` փետրվարի 17-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Երաժշտական գյուտ համարվող բաս քանոնի առաջին երեք նմուշների վրա նվագելու պատիվը ընձեռվեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբին, ԹովմասՊողոսյանի ղեկավարած«Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին ևԱզգային նվագարաններիպետականնվագախմբին:

Բաս քանոնի առաջին նմուշները նվերի տեսքով նույնպես բաժին հասան այս երեք երաժշտական կոլեկտիվներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ բաս քանոնի ստեղծման գաղափարը իր մոտ առաջացել էր տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ իրենք ներկայացրել էին «Մուշ» ստեղծագործությունը` 50 քանոնով:

«Մենք նախատեսում էին Հանրապետության հրապարակի մեջտեղում քանոններով գրել «Երևան» և շատ գեղեցիկ տեսահոլովակ կդառնար, սակայն ստեղծագործությունը լսելու ընթացքում նկատեցի, որ բասային հնչողությունը պակասում է»,- պատմեց Գևորգյանը, ով բաս քանոնը պատրաստելու առաքելությունը վստահել է ազգային նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանին:

«Այսպիսի գործիք աշխարհում չկա և պետք է ասենք. «Ծնունդդ շնորհավոր, նոր ազգային երաժշտական գործիք»»,- ընդգծեց երգահանը: Նրա մեծագույն ցանկություններից մեկն է, որ բաս քանոնը որևէ ձևաչափով ամրագրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, քանի որ այն իր տեսակի մեջ բացառիկ է: Երգահանն այս հարցով դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը: Աշխարհում առաջին բաս քանոնը պատրաստված է Սոչիի թխկու փայտից, որը Գևորգյանին հաջողվել է բերել Տուապսեից:

Նրա խոսքով` նոր նվագարանները պատրաստելու գաղափարը ինքը կյանքի է կոչել մեծ խանդավառությամբ, բարի կամքով և իր միակ օգուտն այն կլինի, որ ազգային նվագարանները համալրվեն նոր գործիքով: Առաջիկայում Գևորգյանը ցանկանում է գտնել հովանավորների, որպեսզի կարողանա բաս քանոնը նվիրել առավել մեծ թվով ազգային նվագախմբերի, ինչպես նաև երիտասարդ քանոնահարներին այն նվագել սովորելու հնարավորություն ընձեռի: Երգահանի հավաստմամբ` այս կամ այն նվագախմբի բաս քանոնը կկրի պատվիրատուի առաջարկած անունը:

«Թխկենին որպես լավ երաժշտական գործիքների փայտ օգտագործում են սևծովյան ափին. այն անհրաժեշտ էր մեզ որակյալ երաժշտական գործիք ստանալու համար»,- նշեց գործիքի վարպետ Ալբերտ Զաքարյանը: Ըստ նրա` մեկ բաս քանոն պատրաստելու համար պահանջվում է առավելագույնը 8 ամիս ժամանակ, որի ընթացքում մանրակրկտորեն մշակվում է երաժշտական գործիքի յուրաքանչյուր դետալ:

Իր արտաքին տեսքով քանոն հիցնող գործիքի ինքնարժեքը բավականին թանկ է` մոտ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի մեծ բաժինը կազմում է լարերի գումարը, որոնք մետաղից են:

Միջոցառման ընթացքում հանդիսատեսի դատին ներկայացվեց նաև բաս քանոնի մասին պատմող 7 րոպե տևողությամբ ֆիլմ: Այցելուների համար միջոցառման մուտքն ազատ էր: Բաս քանոնի վարպետ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում