Մարզային

Գյումրու թատրոնը թատերասերների դատին ներկայացրեց «Մեծ աշխարհի մեր անկյունը» բեմադրությունը

3 րոպեի ընթերցում

Գյումրու  թատրոնը թատերասերների դատին ներկայացրեց «Մեծ աշխարհի մեր անկյունը» բեմադրությունը

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 16-ին թատերասերների դատին ներկայացրեց 2014 թվականի առաջին՝ «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացումը: Ինչպես միշտ, այս անգամ ևս առաջնախաղն անցավ լեցուն դահլիճով: Այս բեմադրությունն առանձնահատուկ է նրանով , որ միանգամից ներկայացված էին 4 հեղինակների` 3 դասական և 1 ժամանակակից, գործերը: Վ. Թոթովենցի, Ս. Զորյանի, Հ Մնձուրու և Կ. Խոդիկյանի մեկական ստեղծագործություն մեկտեղելով մեկ բեմադրության մեջ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ցանկանում է ցույց տալ մեծ աշխարհի փոքրիկ անկյունը՝ Հայաստանը, հայի առանձնահատկությունն ու պարզ, անմիջական ու անարատ հայի տեսակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցի ընթաքում բեմադրիչը նշեց, որ այս բեմադրությունը ուսուցողական նպատակ ունի: «Բոլորին քաջ հայտի է, որ մեր երիտասարդությունը, ցավոք, չի կարդում, այլ հետաքրքվում է տեսագրություններով, ինտերնետով և այլն: Մենք ունենք բավական աղքատիկ դրամատուրգիա, բայց լավ արձակ և հիանալի գրողներ, որոնց մասին մեր երիտասարդները, շատ դեպքերում նաև մեծահասակները չգիտեն: Օրինակ՝ չգիտեն, թե ով է Մնձուրին: Հրաշք հեղինակներ, որոնց գործերն իզուր կորչում են, բայց, երբ մենք դրանք բեմականացնում ենք թատրոնում, մարդիկ սկսում են հետաքրքրվել և կարդալ: Ես այս գործը պետք է անեմ ամեն տարի: Իմ նպատակն ամեն գնով վաղվա սերունդը կրթելն է: Վաղվա սերունդը պետք է իսկապես լինի կիրթ և գրագետ» ,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը:

Ի դեպ, ընտրված հեղինակների միակ ընդհանրությունը անմիջական ու հասարակ հայ մարդն է: Ցանկացած հեղինակի ստեղծագործություն ներկայացնելուց առաջ համառոտ անդրադարձ է արվում հեղինակի կյանքին ու գործին:

«Բեմադրության մեջ թատրոնի վաստակաշատ դերասանների կողքին զբաղված է երիտասարդ ու խոստումնալից սերունդը»,- վստահեցնում է Նիկոլայ Ծատուրյանը:

Բեմադրության նկարչական ձևավորումն ու զգեստները երիտասարդ նկարչուհի Սուսաննա Գյոլեցյանինն են, երաժշտական ձևավորումը` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանինը, ռեժիսորի ասիստենտն է Լյուդվիգ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում