3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` գյուղի տնտեսական զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերը կխթանեն Հայաստանի մարզերում զբաղվածության ավելացումը: «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) եւ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրերն իրականացնելու են 150 համայնքներում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծրագրերի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ծրագրերից յուրաքանչյուրը գնահատվում է 4 միլիոն ԱՄՆ դոլար: «Ծրագրերը հիմնականում ուղղված են գյուղի զարգացմանն ու արդյունավետ գյուղական տնտեսություն ունենալուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց դեսպանը` հավելելով, որ Երեւանում վիճակը լավ է, և պետք է այդ զարգացումն ապահովել նաեւ մարզերում:
«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագրի տնօրեն Անուշ Ասլանյանը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է տնտեսական ներուժ ունեցող համայնքներում: «Մենք դիտարկում ենք 300 համայնք, որոնցից, սակայն, ընտրելու ենք 100-ը: Դրանց մեջ կան նաեւ սահմանամերձ գյուղեր»,- ասաց նա:
«Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Վահե Սարդարյանի խոսքով, Սյունիքի, Վայոց ձորի ու Լոռու գյուղական համայնքներում ծրագրի շրջանակներում զբաղվածության խթանման հետ մեկտեղ աջակցություն կցուցաբերվի նաեւ գյուղատնտեսության երեք հիմնական ոլորտներում`կաթի վերամշակում, մրգերի վերամշակում եւ գյուղական զբոսաշրջություն: «Ծրագրի նպատակներից մեկը թիրախ համայնքներում բնապահպանական խնդիրների մասին իրազեկելն ու բնակչությանը համապատասխան գիտելիքներով զինելն է»,-ասաց ծրագրի տնօրենը:
PRP եւ ARDI ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության, այլ դոնորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայիս եւ նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը եւ գյուղական համայքներում տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:
PRP ծրագիրը կիրականացնի ՓՄՁԶԱԿ-ը` «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի», GCCI-ի եւ Ի-ՎԻ Քոնսալթինգի համագործակցությամբ: ARDI ծրագիրը կիրականացնի Ֆուլեր տնաշինական կենտրոնը`Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստանի հետ համատեղ: