1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ֆրանսիացի նշանավոր ակորդեոնահար Ռիշար Գալիանոն երևանյան երաժշտասեր հանրությանը անակնկալ կմատուցեն: Նրանց համատեղ համեգը կկայանա մարտի 5-ին «Արամ Խաչատրյան» դահլիճում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նվագախմբից` երեկոյի ընթացքում կհնչեն Վիվալդիի, Պիացոլայի և Գալիանոյի ստեղծագործությունները:
Ռիշար Գալիանոն հեղինակ-կատարող է, կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ընկերը և աշակերտը: Նա վարպետորեն նվագում է նաև մեկ այլ երաժշտական գործիք` բանդոնեոնը: Գալիանոն համարվում է «նոր մյուզեթ» հայտնի ժամանակակից երաժշտական ուղղության հիմնադիրը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգների շրջանակում 2013 թվականի ամռանը նվագախումբը հայ անվանի կոմպոզիտորի գործերը ներկայացրել էր Շվեյցարիայում և Ֆրանսիայում: