Պաշտոնական

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն կա նաև առևտրատնտեսական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը և դեսպան Քյորը համակարծիք են եղել, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրները էական տարաձայնություններ չունեն և արդյունավետ փոխգործակցում են միջազգային կառույցներում: Այդ ամենը, նրանց համոզմամբ, նաև բարեկամ հայ և կանադացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ համակրանքի, Կանադայի հասարակական-քաղաքական կյանքում իր որոշակի ներդրումն ունեցող կանադահայ համայնքի շնորհիվ է:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու և հայ-կանադական հարաբերություններն առավել ամրապնդելու հնարավորությունները: Այդ գործում ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է նորանշանակ դեսպան Ջոն Քյորի դերը և հաջողություններ մաղթել նրան իր պատասխանատու աշխատանքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում