Հասարակական

Թայլանդի ցույցերը հայ զբոսաշրջիկներին չեն անհանգստացնում

2 րոպեի ընթերցում

Թայլանդի ցույցերը հայ զբոսաշրջիկներին չեն անհանգստացնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդում տեղի ունեցող բողոքի ցույցերը որեւէ ազդեցություն չեն թողել հայ զբոսաշրջիկների նախասիրությունների վրա, եւ նրանք շարունակում են հանգստի համար նախապատվությունը տալ Թայլանդի զբոսաշրջային կենտրոններին: Պարզապես զբոսաշրջային ցանկից հանվել է այցելությունը մայրաքաղաք Բանգկոկ, եւ հայ զբոսաշրջիկներն իրենց հանգիստն անցկացնում են Պատտայա եւ Փհուկետի զբոսաշրջային կենտրոններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հիմնականում դեպի Թայլանդ ուղեւորություն իրականացնող «Bluefly» զբոսաշրջային գործակալության տուր-մենեջեր Գոռ Ադուրյանը:

Նրա խոսքով, դեպի Թայլանդ այցելությունները տարեցտարի շատանում են, իսկ նոյեմբերից երկրում ներքաղաքական վիճակի անկայունությունը որեւէ ազդեցություն չի թողել: Դա մասնագետը պայմանավորում է ոչ միայն Թայլանդի բացառիկ գեղեցկությամբ, այլեւ իրավապահ մարմինների լավ աշխատանքով: Գոռ Ադուրյանի խոսքով, 10 օր առաջ է եղել Թայլանդում եւ համոզվել, որ զբոսաշրջային կենտրոններում խաղաղ է, հյուրերի հանգիստը չի խաթարվում, եւ ապահովվում է նրանց անվտանգությունը:

Անցյալ տարի նոյեմբերից Թայլանդում քաղաքական իրավիճակը խիստ լարվեց, երբ վարչապետը հայտարարեց համաներում կիրառելու մտադրության մասին, որով ազատություն պետք է ստանար նաև իր ավագ երղբայրը` Թայլանդի նախկին վարչապետը, ով մեղադրվում էր կոռուպցիոն հանցագործության համար: Դեկտեմբերի 1-ին Թայլանդի ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել էր ընդդիմության հուժկու հանրահավաքը, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Զանգվածային բողոքի ակցիաները հատկապես մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում են: Բողոքի ցույցերի հետեւանքով ՌԴ ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ Թայլանդ այցելությունից: Միաժամանակ զբոսաշրջային ընկերություններին կոչ է արվել ժամանակավորապես դադարեցնել այդ երկիր ուղևորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում