Հասարակական

Հայաստանը խստացնում է պայքարը սեռով պայմանավորված աբորտների դեմ

8 րոպեի ընթերցում

Հայաստանը խստացնում է պայքարը սեռով պայմանավորված աբորտների դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը համատեղ մշակում են գործողությունների ծրագիր` Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կանխելու նպատակով: Գործողությունների հիմնական թիրախներից մեկը մասնագետների համար լինելու է հոգեբանական ազդեցությունը, «ճնշումը» ամուսնական զույգի վրա:

Աղջիկ ունենալը նույնպես շատ հուսալի է

«Երբ կանայք դիմում են էխոսկոպիայի, փորձում ենք ամուսնուն էլ անպայման հրավիրել, որպեսզի ամուսինն էկրանին տեսնի երեխայի պատկերը: Կարծում եմ, այդպես արդեն ավելի քիչ կլինեն աբորտի դեպքերը: Մենք պետք է հոգեբանական ազդեցություն ունենանք հայ երիտասարդ զույգերի վրա` ցույց տալով, որ աղջիկ ունենալը նույնպես շատ հուսալի է, և առաջին հերթին շատ կարևոր է առողջ երեխա ունենալը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, բ.գ.դ. Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով` մեր երկիրը վարում է ծնելիության խթանման քաղաքականություն, իսկ ծնելիության խթանման դեպքում տղա ունենալու հավանականությունը կմեծանա, իսկ կանայք ավելի քիչ կդիմեն աբորտի:

Անհանգստացած է նաեւ Եվրախորհուրդը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հունվարի 15-ին զեկույց է ներկայացրել` նշելով, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները խտրականություն են եւ պետք է համարվեն քրեորեն պատժելի: Նա կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանին, օրենսդրական մակարդակով, քաղաքականությունների մշակման միջոցով հասնել նման դեպքերի հնարավորինս բացառման: Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից սեռերի անհամաչափ հարաբերակցություն արդեն փաստագրված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, նաեւ Բալկաններում, առավել հաճախ` Ալբանիայում, եւ ավելի փոքր չափով հանդիպում են նաեւ Մոնտենեգրոյում, Կոսովոյում:

Մասնագետի կարծիքով` օրենքով արգելքը կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը

Բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանի գնահատմամբ, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը օրենքով արգելելը խնդիրը չի լուծում:«Արգելքը խնդիր չի լուծում, շատ երկրներ գնացել են այդ ճանապարհով, փոխարենը դա ավելի է մեծացնում կոռուպցիոն ռիսկերը: Եթե արգելում են պտղի սեռն ասել օրենքով, ապա տվյալ անձը կարող է գնալ մեկ այլ էխոսկոպիստի մոտ, գումար վճարել և պարզել սեռը: Ուրեմն, դա միջոց չէ: Երեխաները պետք է ցանկալի լինեն, և շատ երեխաներ ունենալու դեպքում այդ խնդիրը կլուծվի»,- պարզաբանեց մասնագետը:

Նա նշեց, որ տղա ունենալու ձգտումը հայ ընտանիքներում պայմանավորված չէ «հայերը աղջիկներին դեմ են» սկզբունքով կամ խտրականություն են դնում տղաների և աղջիկների միջև. բոլոր ընտանիքներն էլ աղջիկների հանդեպ նույնպիսի վերաբերմունք, խնամք են ցուցաբերում, ինչպիսին` տղաներին: Համաձայն վիճակագրության` տղաների մահացությունն ավելի բարձր է մինչև հինգ տարեկան հասակում, քան աղջիկներինը, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ աղջիկները մեր ընտանիքներում շատ լավ խնամք են ստանում:«Պարզապես ընտանիքների մեծ մասը ցանկանում է անպայման տղա լույս աշխարհ բերել: Պատճառնեը տարբեր են. որպեսզի սերունդը շարունակվի, ազգանունը փոխանցվի հորից որդուն, ունեցվածքը ժառանգվի: Թեև, բարեբախտաբար, մեր երկրում նման բան չկա, որ աղջկան չժառանգվի ունեցվածքը»,- փաստեց Ավագյանը:Նա մատնանշեց Չինաստանի բացասական օրինակը, ուր առկա է 60 միլիոն վերարտադրողական տարիքի տղամարդկանց ավելացում, ովքեր չեն կարողանում կին գտնել:

Իրավիճակը բարելավվում է. լավատեսական սպասումներ

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետի հավաստմամբ, սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերը կանխելու ուղղությամբ արդեն բավականաչափ քարոզչական աշխատանք է տարվում` տարբեր տեսակի տեղեկատվական բուկլետների հրատարակումից մինչեւ մասնագետի հետ զրույցներ, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի արդեն հաջորդ զեկույցում մեր երկրի ցուցանիշներն այս հարցում առավել լավատեսական կլինեն:

Աշխարհի խոշոր դեմոգրաֆների մասնակցությամբ պատրաստված և միջազգային փորձաքննություն անցած ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013 թվականի զեկույցը հաստատել է, որ Հայաստանում առկա է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը: Հետազոտության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի պարագայում տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 104-107, ինչը համապատասխանում է կենսաբանորեն սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (102-106) և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և ընտրովի աբորտ 1-ին երեխայի դեպքում Հայաստանում գրեթե չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում, օրինակ` Չինաստանում կամ Հնդկաստանում: Սկսած 2-րդ երեխայից առկա է ցուցանիշի բարձրացման միտում (108 – 113): Սակայն իրավիճակը մտահոգիչ է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում, երբ տվյալ ցուցանիշը կազմել է 160 և 170` հիմք տալով ենթադրելու, որ, հնարավոր է` այդ ժամանակ սեռերի ցանկալի կարգավորումն իրականացվում է հղիության արհեստական ընդհատմամբ, ինչը, բնականաբար, պոտենցիալ վտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից: Հանրապետությունում պատահականության սկզբունքով ընտրված երբևէ հղիացած 15-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ եթե առաջին և երկրորդ հղիությունները հիմնականում ավարտվել են ծննդաբերությամբ` կենդանի պտղով (համապատասխանաբար` 95,2% և 88,1%), ապա 5-րդ և 6-րդ հղիությունների դեպքում ծննդաբերությունների թիվը կրճատվել է շուրջ 5 անգամ (համապատասխանաբար` 20,6% և 16,8%): Արձանագրվել է աբորտների հաճախականության մեծացում` հղիությունների կարգի բարձրացմանը զուգահեռ: Եթե առաջին և երկրորդ հղիությունների դեպքում այն կազմել է համապատասխանաբար 0.3% և 5.6%, ապա 5-րդ և 6-րդ հղիությունների դեպքում աբորտով են ավարտվել հղիությունների համապատասխանաբար 73.3% և 81.4 %-ը:

Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 80 հազար կին մահանում է հղիության արհեստական ընդհատումից, 300 հազար կին հաշմանդամություն են ձեռք բերում: Հայաստանում մահեր չեն արձանագրվել: Տարեկան գրանցվում է շուրջ 45 հազար ծնունդ, պաշտոնական տվյալների համաձայն` շուրջ 7 հազար աբորտ: Մեր երկրում տարեկան 7 հազար կին դիմում է աբորտի, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տնային պայմաններում կատարած ինքնաաբորտները:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում