ՆՅՈւ ՅՈՐՔ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց առաքելական եկեղեցուԱՄՆ արևելյան թեմի նախաձեռնությամբ հունվարի 17-ին ջազի սիրահարները եզակի հնարավորություն կունենան ունկնդրել հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի կատարումները: Շուրջ մեկ ու կես ժամ տևողությամբ համերգը տեղի կունենա Նյու Յորքի Սուրբ ՎարդանՄայր տաճարի Հայկ և Ալիս Քավուքջյանների սրահում (Haik and Alice Kavookjian Auditorium): Նյու Յորքից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ արևելյան թեմի տվյալների և տեղեկատվության ծառայությունների մենեջեր Անժելա Կազարյանը նշեց, որ իրենք առաջին անգամ են կազմակերպում Տաթևիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ համերգ:
«Տաթևիկը սիրով արձագանքեց մեր առաջարկին: Արդեն շատ-շատերն են ցանկություն հայտնել ներկա լինել համերգին, հանդիսատեսի ոգևորությունը մեծ է»,- նշեց Կազարյանը:
Ակնկալվում է, որ ջազային այս միջոցառմանը ներկա կգտնվեն ոչ միայն Նյու Յորքում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները, այլև Խորհրդային Միության տարիներից ի վեր Տաթևիկ Հովհաննիսյանի արվեստի նյույորքաբնակ սիրահարները:
Կազարյանի բնորոշմամբ` կայանալիք համերգը կարժանանա ունկնդրի հավանությանն անկախ տարիքային և ազգային պատկանելությունից: Սուրբ Վարդան տաճարի դահլիճում ակնկալվում է մոտ 500-600 հանդիսականի ներկայություն:
Տաթևիկ Հովհաննիսյանին համերգի ընթացքում կնվագակցի երաժիշտների հրաշալի եռյակ:
«Խորհրդային ջազի թագուհին» ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: ԵրգչուհիՕֆելյա Համբարձումյանիև քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերն արել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո դարձել էՍայաթ-Նովայիանվան երաժշտական դպրոցի, ապա`Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: 1990 թվականից մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ մեծ հաջողությունների է հասել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: Ելույթներ է ունեցել ԱՄՆ, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ -փառատոներում: Նրա համար երգեր է գրել ժամանակակից հայտնի երգահանՄիշել Լեգրանը: Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ,Կոմիտաս,Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով: Այժմ երգչուհին բնակվում է Նյու Յորքում:
Երգչուհու հետ 2013 թվականի հունիսին «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: