Հարցազրույց

Տաթեւիկ Հովհաննիսյանի սիրտն ու հոգին մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ

8 րոպեի ընթերցում

Տաթեւիկ Հովհաննիսյանի սիրտն ու հոգին մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ

ՆՅՈւ ՅՈՐՔ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթեւիկ Հովհաննիսյան անունն անբաժանելիորեն կապված է հայկական ջազի հետ: Մամուլում եւ երկրպագուների շրջանում «խորհրդային ջազի թագուհի» բնորոշումը ստացած երգչուհին, 1990 թվակականներից ԱՄՆ-ում բնակություն հաստատելով, հայրենիքի սահմաններից հեռու էլ հաջողությամբ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը` օտարազգի ունկնդրին գրավելով ոչ միայն ջազային, այլեւ հայկական ազգային կատարումներով:

Նյու Յորքից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմում է ԱՄՆ-ում ծավալած իր ստեղծագործական գործունեության եւ Հայաստանի հետ ունեցած մշտական կապի մասին:

-Անկախ հեռուստացույցի էկրանին հայտնվելու հաճախականությունից եւ հնչող կատարումների քանակից, Ձեր անունը մշտապես հետաքրքիր է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ջազի սիրահարների համար: Ինչպե՞ս է ընթանում Ձեր ստեղծագործական գործունեությունն ԱՄՆ-ում:

- Ես շատ ուրախ եմ եւ շոյված, որ հայաստանյան ջազի սիրահարները չեն մոռացել իմ մասին, անկախ այն հանգամանքից, թե ինչ հաճախականությամբ է իմ երաժշտությունը հնչում ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Չնայած նրան, որ ես հեռվում եմ, իմ սիրտը եւ հոգին մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ: Եթե փորձեմ կարճ պատասախանել Ձեր հարցին, ապա իմ ստեղծագործական գործունեությունը լավ է ընթանում Միացալ Նահանգներում: Բայց եթե ծավալեմ իմ պատասխանը, ապա պետք է նշեմ, որ իմ կյանքի ընթացքում իմ ստեղծագործական, արտիստիկ ճանապարհը երբեք հեշտ չի եղել թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: Ես միշտ ստիպված եմ եղել անցնել դժվարին, բայց միեւնույն ժամանակ` լավ ճանապարհ: Ես երբեք չխուսափեցի դժվար մարտահրավերներից. այդպես էր, երբ ես Հայաստանում էի, եւ այդպես շարունակվեց նաեւ ԱՄՆ-ում, եւ ես ուրախ եմ դրա համար:

- Հաճախ տարբեր հրապարակումներում Ձեզ անվանում են «խորհրդային ջազի թագուհի», համաձա՞յն եք այդ բնորոշման հետ:

- Իրականում դա համամիտ լինելու կամ չլինելու բնորոշում չէ, պարզապես Խորհրդային Միության տարիներին կար ջազային քննադատների եւ փորձագետների կողմից իրականացվող պաշտոնական քվեարկություն, որոնք յուրաքանչյուր տարի ընտրում էին լավագույն ջազային երաժիշտների եւ վոկալիստների: 9 տարի շարունակ ես ընտրվել եմ որպես Խորհրդային Միության առաջին կին ջազ վոկալիստը, ինչը հսկայական պատիվ եւ ճանաչում էր իմ եւ, իհարկե, նաեւ Հայաստանի նման փոքր հանրապետության համար:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ջազ երաժիշտ լինելն արդեն մեծ մարտահրավեր է, մեծ փորձություն` անկախ բնակության վայրից: Ի՞նչ նկատի ունեք այդ արտահայտությամբ:

- Ջազը մշտապես կմնա որպես շատ դժվար եւ տարբերվող երաժշտական ժանր: Եթե այն համեմատենք տարածվածայլերաժշտական ժանրերի հետ, ջազը հեշտ չէ հասկանալ, հետեւաբար այն մարդիկ, ովքեր նախընտրում են ջազ, ունեն դրա խոր ընկալումը եւ գիտելիքը: Եվ բնականորեն դա սահմանափակում է այն մարդկանց քանակը, ովքեր դառնում են այս երաժշտության սիրահարը: Սկսած այն ժամանակվանից, քանի դեռ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ թելադրողի դերում են հանդես գալիս բիզնեսը եւ շահույթը, մեր գործը իրականացնելու համար պետք է ունենալ շատ մեծ խիզախություն, նվիրվածություն եւ ամուր հավատ` «ժայռակերտ» ճանապարհն անցնելու համար: Եվ հենց այդ պատճառով ես նկատի ունեմ, որ դա մեծ մարտահրավեր է:

- Եթե չմեկնեիք ԱՄՆ, ինչպե՞ս կընթանար Ձեր ջազային ուղին Հայաստանում:

- Սա, իսկապես, բարդ հարց է յուրաքանչյուրի համար: Ես կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող միանշանակ իմանալ, թե ինչ կլիներ:

- 2008 թվականին հայկական ջազի հոբելյանին ելույթ ունեցաք «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հնարավո՞ր է արդյոք մեծ կամ փոքր` ակումբային համեգով ներկայանաք հայրենիքում` Ձեր ձայնին կարոտած լսարանի առջեւ:

- Իհարկե, դա հնարավոր է: Պարզապես ես կցանկանայի ստանալ հրավեր պրոֆեսիոնալ եւ իրավասու կազմակերպիչներից, ովքեր կարող են հանձ առնել այդ գործը:

- Դուք համերգներով հանդես եք եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ավստրալիայում, մասնակցել եք միջազգային փառատոների, ելույթ ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են «Քարնեգի Հոլլ»-ը եւ «Լինքոլն Սենթր»-ը: Առաջիկայում կա՞ն համերգային ծրագրեր եւ ո՞ր երկրներում:

- Այո, առաջիկա ամիսներին կան համերգներ Միացյալ Նահանգերում եւ Եվրոպայում:

- Պայմանագիր էիք կնքել Sony Classical ընկերության հետ` հինգ ալբոմերի ձայնագրման եւ թողարկման համար, ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

-Դժբախտաբար, Sony ընկերությունում եւ նրա մենեջմենթում տեղի ունեցած հսկայական փոփոխությունների հետեւանքով առաջին ձայնասկավառակի թողարկումից հետո աշխատանքները սառեցված վիճակում մնացին: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրադրությունը կփոխվի: Ավելացնեմ որ իմ երկրորդ ձայնասկավառակը` Listen to my Soul, նույնպես ձայնագրված է, որտեղ ինձ նվագակցել են այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Ֆրանկ Վեսը, Բեն Ռայլին, Պաքիտո Դրիվերան, Քլաուդիո Ռոդիտին եւ շատ ուրիշներ:

- Ասում են` ջազը ինտերնացիոնալ երաժշտության տեսակ է, Ձեր գնահատմամբ` որքանո՞վ են համատեղելի էթնիկ դրսեւորումները ջազում եւ որքանո՞վ են դրանք հասկանալի օտարազգի ունկնդրի համար:

- Իրականում ջազն իր օրիգինալ տարբերակում ինտերնացիոնալ երաժշտություն չէ, այն ծննունդ է առել աֆրիկյան երաժշտությունից, բլյուզից, սակայն ժամանակի ընթացքում իր ամուր դրսեւորումն է ձեռք բերել Միացյալ Նահանգներում: Շատ ավելի ուշ է այն դարձել ինտերնացիոնալ: Տարիների ընթացքում այն տարածվել է եւ յուրաքանչյուր ազգություն իր ուրույն ռիթմը եւ ոգին են ներդրել երաժշտության այս տեսակի մեջ: Մասնավորապես` ջազը երաժշտության այն բաց, ընդունելի տեսակներից մեկն է, որը հնարավոր է հյուսել երաժշտական այլ` ազգային եւ ավանդական էլէմենտների հետ, որոնք ստեղծում են երաժշտության շատ գեղեցիկ տեսակ, որը կոչվում է էթնիկ, կամ ես համաձայն եմ նաեւ պարզապես «ջազ» բնորոշման հետ: Դուք ճիշտ եք, ջազը ինտերնացիոնալ երաժշտություն է, հետեւաբար այն ընդունելի է եւ սիրված ամբողջ աշխարհում:

- Հետեւո՞ւմ եք արդյոք հայկական երգարվեստին, եթե համեմատենք այն խորհրդային տարիների հետ, ի՞նչ դրական եւ բացասական փոփոխություններ կմատնանշեք:

- Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ չեմ հետեւում այնքան, որպեսզի ձեւակերպեմ եւ արտահայտեմ իմ մասնագիտական տեսանկյունը այս հարցի շուրջ:

-Ապրելով եւ ստեղծագործելով հայրենիքից հեռու, ի՞նչն եք ամենից շատ կարոտում:

- Բնությունը եւ իմ մանկությունը. «Հով սարեր, մով սարեր մանկությունս ետ բերեք»:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

Լուսանկարը` Լեւոն Փարյանի

Հարցազրույցը թարգմանված է անգլերենից

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում