Մարզային

Ծովագյուղցի տատիկը 109 թոռ ու ծոռով է նշել ծննդյան 100-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Ծովագյուղցի տատիկը 109 թոռ ու ծոռով է նշել ծննդյան 100-րդ տարեդարձը

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում 100-ամյակն է տոնել գյուղի ամենատարեց բնակիչներից Աղավնի Բոզոյանը: 109 թոռ ու ծոռ ունեցող կինը դարձել էբազմամարդ գերդաստանի խորհրդանիշը, եւ իր ծննդյան տարեդարձն էլ տոնել է հարազատների ու գյուղացիների մասնակցությամբ:

«Ցանկանում եմ, որ աշխարհը միշտ խաղաղ մնա, զավակներս, թոռներս ու ծոռներս առողջ, անփորձանք լինեն, Հայաստանը միշտ ծլի ու ծաղկի»,- հանդիսության մասնակիցներին մաղթել է Աղավնի տատիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հոբելյարին այցելել եւ ծաղիկներ ու դրամական պարգեւ է հանձնել Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը:

Աղավնի Բոզոյանը ծնվել է 1914 թվականին, նախկին Չիբուխլու, այժմ` Ծովագյուղ գյուղում: Նա կյանքը կապել է համագյուղացի Ցոլակ Բոզոյանի հետ` ստեղծելով ներդաշնակ ընտանիք, ուր ծնվել եւ հասակ են առել յոթ զավակներ` 4 աղջիկ եւ 3 տղա: Ցոլակ Բոզոյանը եղել է հողագործ, Աղավնին` տնային տնտեսուհի: Ցոլակը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, տուն վերադարձել բազմաթիվ շքանշաններով եւ աշխատանքի անցել հայրենի գյուղի կոլտնտեսությունում: Նա մահացել է 1986 թվականին: Հետագայում Աղավնին կորցրել է իր դուստրերից մեկին, իսկ մյուս վեց զավակները ողջ են: 100-ամյա տիկնոջ ժառանգները շինարար, հողագործ են, ոմանք` հայկական բանակի զինվորներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում