Խճանկար

Երուսաղեմի երեք եկեղեցիները միասին կվերանորոգեն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան 1500-ամյա եկեղեցին

2 րոպեի ընթերցում

Երուսաղեմի երեք եկեղեցիները միասին կվերանորոգեն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան 1500-ամյա եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայ առաքելական, կաթոլիկ և հունական եկեղեցիները միավորվել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան 1500-ամյա եկեղեցին ավերումից փրկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է USA Today-ը: «Անձրևաջրերից վնասվել էին եկեղեցու ենթակառուցվածնքները` տանիքը, պատուհանները, արտաքին հարդարանքը: Սակայն վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղադրված նոր փայտամածի շնորհիվ հաջողվել է կասեցնել վնասը»,- ասել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու պահառու Պիեռբատիստա Պիզզաբալան:

Ըստ քրիստոնեական ավանդության, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ ծնվել է մանուկ Հիսուսը: Եկեղեցու բազիլիկան կառուցվել է Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր կողմից մ.թ. 600 թվականին: Իսկ իրական եկեղեցին կառուցվել է մ.թ. 330 թվականին Հռոմի Կոստանտին կայսեր կողմից, սակայն ավերվել է կառուցումից 200 տարի անց: Նույն վայրում էլ կառուցվել է այժմյան եկեղեցին:

Սուրբ Ծննդյան եկեղեցին գտնվում էր Երուսաղեմի երեք քրիստոնեական եկեղեցիների պատասխանատվության ներքո, որոնք պաղեստինյան իշխանությունների ջանքերով վերջապես մի կողմ են դրել դարեր տևող հակասությունները` հանուն ընդհանուր նպատակի: Պաղեստինի իշխանությունները համոզել են կաթոլիկ, հունական և հայ առաքելական եկեղեցիներին համաձայնագիր ստորագրել եկեղեցու վերանորոգման համար: Վերանորոգման աշխատանքներն ստանձնել է իտալական մի ընկերություն: Կծախսվի մոտ 2.6 միլիոն դոլար: «Գումարը երբեք խնդիր չի եղել: Խնդիրը անձնական պատասխանատվություն ստանձնելն էր»,- նշել է պահառուն:

Պաղեստինյան իշխանությունների հորդորով ՄԱԿ-ի մշակութային հարցերով զբաղվող մարմինը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2012 թվականին եկեղեցական այս կառույցը ներառել է համաշխարհային ժառանգության վտանգված արժեքների ցանկում: Իսրայելական կողմը, որ 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմում գրավել էր Արևմտյան ափի տարածքները, հայտարարել է, թե դրանով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամրապնդել է վիճելի տարածքների մասին Պաղեստինի պահանջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում