«Արմենպրես»-ի հատուկ նախագիծն արժանացել է «Գրքի ընկեր» մրցանակին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ը գիրքն ու գրականությունը լավագույնս եւ անաչառ ներկայացնելու համար արժանացել է «Գրքի ընկեր» մրցանակին: Գրքին եւ գրականությանը լավագույնս անդրադառնալու համար «Գրքի ընկեր» մրցանակին արժանացել է նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Գործակալության տնօրեն Արամ Անանյանը մրցանակը պարտավորեցնող համարեց` նշելով, որ երբ ծնվում էր «Երեւանյան բեսթսելլեր» նախագիծը, վստահություն կար, որ այն երկար կյանք է ունենալու: «Ցավոք, մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ գրականությունը եւ գրականության մարդն ամենաանպաշտպանն են, եւ այդ առումով մենք առաքելություն ենք զգում մեր մշակույթը քարոզելու, մեր գրականությունը, որն իրականում լավն է, աշխարհին, հանրությանը ներկայացնելու եւ խրախուսելու` թե' ընթերցանությունը, թե' գրքերի վաճառքը»,- ասաց նա:

««Երեւանյան բեսթսելլերն» ուրախացնում է, որովհետեւ մենք ունենք խոսք ասող գրականություն, ունենք շատ արժանավայել երիտասարդ գրողներ: Մյուս կողմից` գրքերի վաճառքի ցուցանիշները ցածր են»,- հավելեց գործակալության տնօրենը` հույս հայտնելով, որ նախագիծը կխթանի հասարակության մեջ գրքի պահանջված դառնալը:
Գրաքննադատ, Հայաստանի գրողների միության անդամ Արքմենիկ Նիկողոսյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծն իսկապես հաջողված է: ««Երեւանյան բեսթսելլերը» մի նախագիծ է, որը լրատվական դաշտում շաբաթվա տասը լավագույն գրքի անուն է տալիս: Իսկ տեղեկատվական հոսքի մեջ տասը գրքի առանձացումն ու ներկայացումը մեծ առաքելություն է»,- ասաց նա:

«Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը «Արմենպրես»-ի բազմաթիվ հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որն արդեն մոտ 50 շաբաթ շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը: