Մշակույթ

Գրատպության թանգարանը պատրաստ կլինի 2014 թվականին

2 րոպեի ընթերցում

Գրատպության թանգարանը պատրաստ կլինի 2014 թվականին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային գրադարանի անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումը թամանյանական մասնաշենքի բացումն էր: Լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Ազգային գրադարանի համար անցնող տարին, ասաց տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա նշեց, որ գրադարանն այսօր լիովին հասանելի է ընթերցողի համար. վերանորոգված է եւ ապահովված ինտերնետ կապով:

«2014 թվականին ծրագրում ենք բացել գրատպության թանգարան, որտեղ կներկայացվեն բնօրինակ գրքերի նմանօրինակները»,- ասաց նա:

Զարգարյանի խոսքով` գրադարանի տարվա մեծ ձեռքբերումներից էր նաեւ Նյու Յորքից գնած 1755 թ-ի «Սաղմոսարանը»:

«Մեզ համար կարեւոր է նաեւ գրականության թվայնացումը: Մինչ այժմ թվայնացրել ենք շուրջ մեկ միլիոն գրականություն: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքներն էլ կավարտենք 2020 թվականին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ազգային գրադարանի տնօրենը:

Անդրադառնալով գրադարանի խնդիրներին, Զարգարյանն առանձնացրեց հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանի անհասանելիությունը: «Հարկավոր է կարգավորել բակը, հարմարացնել մասնաշենքը խնդիրներ ունեցող մարդկանց համար, դրանց համար գումարներ են պահանջվում»,- հավելեց բանախոսը:

Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:

Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում