Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումը պետք է բողոքարկվի. փորձագետ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Փերինչեք Դողուի գործի վերաբերյալ ընդունել է շատ վիճելի որոշում, որը չի կարող գնահատվել որպես վերջին ճմարտություն: Գոյություն ունիորոշումը բողոքարկելու իրավական հնարավորություն, եւ այդ առումով հայկական կողմը պետք է Շվեյցարիայի կառավարության հետ համապատասխան աշխատանքներ տանի, որպեսզի վճիռը բողոքարկվի եւ հնարավորություն ստեղծվի, որ դատարանը փաստերի, պատմական ճշմարտությանն ու իրավական միասնական մոտեցումների հիմքի վրա որոշում կայացնի: Այս առումով հայկական կողմը պետք է ավելի ակտիվանա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ Վիգեն Քոչարյանը` միաժամանակ հավելելով, որ որոշումը շատ անպատասխան հարցերի տեղ է թողնում:
«Դատարանը համարում է, որ Փերինչեք Դողուն ժխտել է միայն համապատասխան պատմական իրադարձությունների իրավական գնահատականը` որպես ցեղասպանություն, եւ իբր նա չի ժխտել, որ 1915թ.-ին եղել են հայերի ջարդեր և կոտորածներ: Սակայն դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ վերջինս ստիպված է եղել նման հայտարարությունն անել` արդեն կանգնած լինելով շվեյցարական դատարանի առջեւ: Մինչդեռ իր հայտարարություններում, որոնց համար այդ անձը պատասխանատվության է ենթարկվել, նա ուղղակի Ցեղասպանությունն անվանել է ոչ այլ ինչ, քան «միջազգային սուտ»: Մի՞թե դատարանի կարծիքով` այդպիսին պիտի լինի «խոսքի և բանավեճի ազատությունը», որի վերաբերյալ այդպիսի նրբանկատություն և մտահոգվածություն է ցուցաբերում դատական կազմը: Կարծում եմ` տեղին կլիներ, որ մտահոգվեին նաեւ մի այլ խնդրով. ակնհայտ էր, որ այդ եւ նման հայտարարություները կրում են հայատյաց և ռասիստական բնույթ: Հենց դրանից էին ելնում շվեյցարական իշխանությունները` թուրք ծայրահեղական գործչին պատասխանատվության ենթարկելով ռասայական խտրականության համար»,- նշեց Վիգեն Քոչարյանը` հավելելով, որ դատարանի որոշումը, թե Փերինչեքին պատժելը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում, ավելի քան վիճելի է:
Վիգեն Քոչարյանը նշում է, որ ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարվել էր ոչ սահմանադրական: «Սա կարող է տարակուսանք հարուցել, որովհետեւ ՄԻԵԴ-ն այն մարմինն է, որ ինքը պետք է պետությունների համար համապատասխան ստանդարտներ սահմանի, այլ ոչ թե իր մոտեցումները հիմնի որևէ պետության այս կամ այն մարմնի կայացրած որոշումների վրա: Բազմաթիվ պետություններում Հոլոքոսթի ժխտումը քրեական հանցագործություն է, եւ այսօր առկա են տասնյակ մարդիկ, ովքեր դատապարտվել են այդ հանցագործության համար: Արդյոք այս իմաստով գործ չունե՞նք երկակի ստանդարտների հետ: Ճիշտ է, դատարանն այս հարցին անդրադարձել եւ իր որոշման մեջ նշում է, որ իբր էական տարբերությունն այն է, որ Հոլոքոսթի վերաբերյալ գոյություն ունի միջազգային տրիբունալների որոշումները: Կարծում եմ, որ սա արհեստական և ֆորմալ փաստարկ է: Բոլորի համար ակնհայտ է, որ այն պատմական ժամանակաշրջանում, երբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, միջազգային քրեական դատական ատյաններ գոյություն չունեին եւ դրանք չէին կարող համանման որոշում կայացնել: Արդյոք սա հի՞մք է տարբերակված մոտեցումներ ունենալու համար: Այն նույն իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը, որոնք գոյություն ունեն Հոլոքոսթի մերժումը քրեականացնելու համար, նույնությամբ առկա են Հայոց ցեղասպանության մերժելու համար պատասխանատվություն սահմանելու դեպքում, եւ տարբերակված մոտեցման որևէ բովանդակային հիմք գոյություն չունի»,- ասաց Վիգեն Քոչարյանը` ուշադրության հրավիրելով այն հանգամանքին, որ դատարանի 7 հոգանոց կազմից 4-ը հատուկ կարծիք են ներկայացրել, իսկ նրանցից երկուսը համաձայն չեն եղել կայացրած որոշման հետ:
Միջազգային իրավունքի փորձագետի մոտ զարմանք է հարուցել նաեւ այն փաստը, որ, Փերինչեքի գործողություններում չտեսնելով ռասիստական մղումներ, ՄԻԵԴ-ը հաշվի չի առել այն փաստը, որ նա ներկայումս իր հայրենիքում դատապարտված է ցմահ ազատազրկման ծայրահեղական «Էրգենեկոն» խմբավորման դավադրությանը մասնակցելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: