Գյումրու տեխնոպարկը կբացվի մինչ տարեվերջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոպարկի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն` Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ: «Շենքն ամբողջովին պատրաստ կլինի 2013 թվականի դեկտեմբերին, այս ընթացքում մենք արագացրել ենք աշխատանքները, որ մինչ շենքի բացման արարողությունը հնարավորություն ունենանք կոնկրետ կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ու նրանց տարածքներ տրամադրել»,- ասաց նախարարը` հավելելով, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել հինգ կազմակերպությունների հետ` մեկական ամերիկյան, ֆրանսիական, հայկական և երկու ռուսական, որոնք կտեղավորվեն շենքում և կսկսեն իրենց աշխատանքները մինչև հաջորդ տարվա մայիս:
Վահրամ Ավանեսյանի խոսքով` տեխնոպարկի առաջին հարկում կլինեն լաբորատորիաները, որոնք կահավորված են և պատրաստ են սարքավորումների տեղադրման համարը: «Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները թույլ կտան տարեկան մոտ հազար երիտասարդների վերապատրաստվել լավագույն ընկերությունների լաբորատորիաներում: Հատկանշական է, որ տեխնոպարկի նպատակներից է սկսնակ ձեռնարկությունների տեղափոխումը Գյումրի: Մենք այսօր բանակցություններ ենք վարում արդեն գոյություն ունեցող սկսնակ ձեռնարկությունների հետ, որոնք տեղաբախշված են այլ վայրերում, նաև Երևանում, որպեսզի դրանք սկսեն աշխատել Գյումրիում, ուր տարածքների վարձակալումն էժան է և առկա են ենթակառուցվածքներ, որոնք կտան աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հնրավորություն»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Տեխնոպարկի ծրագրի նպատակն է խթանել Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը՝ նկատի ունենալով այդ ոլորտում Հայաստանի ընտրած ռազմավարությունը և ոլորտի զարգացման միջազգային հեռանկարները: Ծրագիրն ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։