Գյումրին հավուր պատշաճի է դիմավորում ռազմավարական գործընկեր պետության պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին պատրաստ է հավուր պատշաճի դիմավորելու Հայաստանի ռազմավարական գործընկեր պետության ղեկավարին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:ՌԴ նախագահի եւ Ռուսաստան-Հայաստան երրորդ միջտարածաշրջանային համաժողովին ընդառաջ Հայաստանի երկրորդ քաղաքն անճանաչելի է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումի նախապատրաստական աշխատանքները քաղաքում մեկնարկել են երկու շաբաթ առաջ, եւ եթե դեպի Գյումրու օդանավակայան, Սբ Ամենափրկիչ եկեղեցուց մինչև Աբովյան փողոց տանող ճանապարհները և Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից հատվածի վերանորոգումը տեսանելի էր երկու օր առաջ, ապա թատրոնի արտաքին տեսքի փոփոխությունն անակնկալ էր գյումրեցիների համար: Մասնակի նորոգման է ենթարկվել ինչպես Գյումրու օդանավակայանն, այնպես էլ թատրոնի ներսը: Ողջ քաղաքով փակցված Հայաստանի և Ռուսաստանի դրոշները խոսում են Գյումրու հյուրընկալության մասին:
Քաղաքում երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են տարբեր գերատեսչություններ, Գյումրու քաղաքապետարանը:
Իսկ դեկտեմբերի 2-ին արդեն քաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում են նահանգապետները:Գյումրիում մոտ 500 ռուս գործարարներ քննարկում են Հայաստանում ներդրումների ու տարբեր ոլորտներում գործունեության հեռանկարները: