7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնչակյան կուսակցությունում անձի դերակատարությունը հասցված է նվազագույնի: Անձն ընդամենը միջոց է, խոսափող` ներկայացնելու կուսակցության քաղաքական կարծիքը: Անձը ոչինչ է, եթե չկա կուսակցություն: Այս գաղափարախոսությունը եղել եւ շարունակում է մնալ կուսակցության 126-ամյա պատմության հիմքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության նորընտիր երիտասարդ ատենապետ Նարեկ Գալստյանը ներկայացրեց կուսակցության հետագա ընթացքն ու քաղաքական ծրագրերը, որոնք նախատեսում են իրականացնել առաջիկայում:
- Պարոն Գալստյան, որպես ատենապետ, ո՞ր խնդիրները կթվեք, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն:
- Կան բազմաթիվ խնդիրներ: Հնչակյան կուսակցության պայքարը ոչ թե «դեմ», այլ «հանունի է»` հանուն սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների, հանուն նրա, որ Հայաստանում չլինեն մենաշնորհներ, աշխատավորների իրավունքները չխախտվեն: Կուսակցության հիմնական ռազմավարությունը կհայտարարենք առաջիկայում եւ կներկայացնենք այն անելիքները, որոնք պետք է կատարենք ապագայում:
- Քանի՞ անդամ ունի այսօր կուսակցությունը:
- Մոտ երկու հազար: Երիտասարդները շատ են, «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը բավական ակտիվ է երիտասարդության շրջանում: Կուսակցության ակտիվացման հետ միասին, երիտասարդական միությունն էլ նույնպես կակտիվանա: Ես էլ որպես «Սարգիս Տխրունի» երիտասարդական թեւի նախկին ղեկավար, շատ եմ կարեւորում երիտասարդների դերը, քանի որ առանց երիտասարդների ոչ մի կուսակցություն ապագա չունի:
- Կարո՞ղ ենք ասել, որ քառամյա խնդիրներից հետո կուսակցությունը, կարծես թե, նոր շունչ ու ոգի է ստանում եւ քաղաքական պայքարի մեջ է մտնում:
- Այո, կուսակցությունում չորս տարի շարունակ խնդիրներ կային: Շատ կարեւոր է , որ ցանկացած քաղաքական կազմակերպություն ընդունի իր խնդիրները եւ ինքնաքննադատությամբ զբաղվի: Այո, մենք ունեցել ենք խնդիրներ, չորս տարվա ընթացքում մեծ հաշվով դուրս էինք քաղաքական թատերաբեմից, սակայն այսօր կուսակցությունը գտել է իր մեջ ներուժ, եւ տալիս ենք պրոակտիվ գործողությունների մեկնարկ: ՍԴՀԿ-ն գտնելու է ՀՀ քաղաքացուն եւ պայքարելու հանուն Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու:
- Այսօր հասարակությանը մտահոգող ամենակարեւոր խնդիրը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքի ընդունումն է: Կուսակցությունն այս հարցի առնչությամբ ի՟նչ տեսակետ է ունի:
- Այս փաստաթուղթը մեկ տարի է` գտնվում էր շրջանառության մեջ եւ ցանկացած ոք, ով հետաքրքրված էր, կարող էր ուսումնասիրել այն: Կուսակցությունը փորձել է հասկանալ բարեփոխումների դերը: Մոդելը հրաշալի է, եւ զարգացող աշխարհը գնում է դեպի այդ մոդելը: Սակայն պետք է ընդունենք, որ Հայաստանում կա արդարության եւ վստահության պակաս, եւ հենց դա է պատճառը, որ ժողովուրդը չի ցանկանում եւ պայքարի դուրս է եկել: Դա հասկանալի է: Կառավարությունը պարտավոր է ապացուցել այդ ծրագրի կենսունակությունը, իհարկե կառավարության մշակած հաջողված ծրագրեր կան, սակայն դրանք քիչ են վստահության բացը լրացնելու համար:
- Այս փողոցում երեք ավանդական կուսակցությունների գրասենյակներն են... (ՍԴՀԿ, ՀՅԴ եւ Ռամկավար-ազատական կուսակցությունների գրասենյակները գտնվում են Հանրապետության փողոցի վրա-Հ.Հ.)
- Այո, սա ավանդական կուսակցությունների փողոց կարելի է համարել:
- Ապագայում ավանդական երկու կուսակցությունների հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Ավանդական կուսակցությունների համագործակցությունը սփյուռքում դրված է լավ հիմքերի վրա: Հայաստանյան կազմակերպությունների համագործակցությունը բավարար չէ, եւ այս առումով պետք է քաղաքական միտումների մեկնարկ տրվի: Կան հարցեր, որոնց առնչությամբ ավանդական երեք կուսակցությունները համատեղ անելիքներ ունեն: Ռամկավար-ազատական կուսակցության հետ ձեռք ենք բերել նախնական պայմանավորվածություն հանդիպման եւ միջկուսակցական հանդիպումներ կազմակերպելու համար: Բացի դրանից, բոլոր այն կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ, որոնց ծրագրերը չեն հակասում Հնչակյան գաղափարախոսությանը, պատրաստ ենք համագործակցել: Մեր դռները բաց են:
- Արտաքին քաղաքականության առումով ինչպիսի՞ տեսակետ ունի ՍԴՀԿ-ն:
- ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Միեւնույն ժամանակ կոչ ենք անում, որպեսզի Եվրոպայի հետ համագործակցությունը նույնպես չդադարի: Մաքսային միությունը Հայաստանին հնարավորություն կտա ապահովել անվտանգությունը, նաեւ տնտեսական որոշակի առաջընթաց ունենալ: Պետք է հաշվի առնել, որ մեր հիմնական ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ է:
Թուրքիայի հետ հարաբերությունների առումով կարող եմ ասել, որ ՍԴՀԿ-ն Ցեղասպանություն անցած, բազմաթիվ ազատագրական պայքարների մեջ եղած քաղաքական կազմակերպություն է, եւ մեզ համար հստակ է, որ Թուրքիան պետք է ճանաչի եւ փոխհատուցի Ցեղասպանության հետեւանքները: Այստեղ որեւիցե զիջում մենք չենք ընդունում, մեզ համար անընդունելի են հայ-թուրքական` արդեն նախկին արձանագրությունները, որոնք, հույս ունենք, «չեն վերակենդանանա», որովհետեւ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայոց ցեղասպանությունը որպես նախապայման դիտարկել կուսակցությունը չի ընդունում:
ՍԴՀԿ-ն Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել եւ կուսակցությունը երկու ճակատով մասնակցել է մարտական գործողությունների, հետեւաբար` արցախյան հարցը մեզ համար մսի եւ արյան հարց է: Կուսակցությունը պատրաստ է ընդունել Արցախի քաղաքացու ցանկացած որոշում:
Այսօր Հնչակյան կուսակցությունը ողջ աշխարհում լոբբիստական քաղաքականություն է իրականացնում եւ փորձում տարածել Արցախի ճանաչման հարցը: Լուիզիանա նահանգում ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհուրդը եւ կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վազգեն Գալխակչյանը կարողացան հասնել նրան, որ Լուիզիանայի բարձրագույն մարմինը` Սենատը, ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա մի փոքրիկ դրվագ է, թե ինչ է անում կուսակցությունը` նպաստելով Արցախի ճանաչմանը:
Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի