Մարզային

Շենավանում կկանգնեցվի Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին

3 րոպեի ընթերցում

Շենավանում կկանգնեցվի Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՄՊՐԵՍ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Սպիտակի տարածաշրջանի Շենավան համայնքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից, այցի հիմնական նպատակը պետական, քաղաքական անվանի գործիչ Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին հարազատ գյուղում կանգնեցնելու մտադրությունն էր՝ նրա անունը կրող դպրոցի բակում:

Նախաձեռնությունը Լոռու մարզպետինն է: Նախատեսվում է հաջորդ տարի գարնանը, Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառում կազմակերպել նրա անունը կրող դպրոցում, հանդիսավորությամբ կատարել կիսանդրու բացումը: Մարզպետ Արթուր Նալբանդյանը եղել է Շենավանի հիմնական դպրոցում, ծանոթացել դպրոցի պայմաններին, զրուցել ուսուցիչների, աշակերտների հետ:

Ներկաները ոգևորությամբ ընդունել են Վլ. Մովսիսյանի կիսանդրին հայրենի գյուղում կանգնեցնելու նախաձեռնությունը: Մարզի ղեկավարը հաղորդակից է դարձել նաև դպրոցի խնդիրներին: Այն ունի վերանորոգման, գազիֆիկացման կարիք, չունի սպորտդահլիճ: Աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Այս տարի, ինչպես ներկայացրել է տնօրեն Ֆլորա Ղազարյանը, առաջին դասարան է ընդունվել ընդամենը 5 աշակերտ, ինչն էլ անդրադառնում է դպրոցի ֆինանսական վիճակի վրա: Մարզպետը խոստացել է հաջորդ տարի պետական միջոցներով իրականացվող ծրագրերում ընդգրկել նաև Շենավանի դպրոցը:

«Լոռու մարզում աղքատության ցուցանիշը բարձր է, իսկ դրա հաղթահարման վճռորոշ ուղիներից մեկը լավորակ կրթության ապահովումն է»- ասել է Նալբանդյանը՝ կարևորելով մանակավարժների մեծ ներդրումը մատաղ սերնդի կրթության, հետևաբար՝ երկրի ապագայի կերտման, բարեկեցության ապահովման հարցում:

Արթուր Նալբանդյանը եղավ նաև գյուղի համայնքային կենտրոնում: Համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը ներկայացրել է սեփական եկամուտների հավաքարգման ցուցանիշները: Նրա տեղեկացմամբ՝ համայնքային բյուջեն կազմում է 8 մլն դրամ, որից 6 մլն-ը դոտացիան է, մինչդեռ, սեփական եկամուտները՝ ընդամենը 2 մլն դրամ: Մարզի ղեկավարը կարևորել է հարկերի հավաքագրումը պատշաճ մակարդակով իրականացնելու գործընթացը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ հավաքագրված գումարներն օգտագործվում են համայնքային խնդիրների լուծման նպատակով: Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ գյուղի մանկապարտեզի շենքը նպատակին չի ծառայում, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաները քիչ են: Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ կառավարությունը գնալու է համայնքների խոշորացման ճանապարհով, որից հետո էլ կհստակեցվեն անելիքները, լուծում կտրվի նաև նմանատիպ հարցերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում