Հարցազրույց

Մեր նպատակն է Սփյուռքը դարձնել հայաստանակենտրոն՝ ներգրավելով հայությանը հայկական աշխարհի կերտման գործընթացում. Արման Խաչատրյան

9 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է Սփյուռքը դարձնել հայաստանակենտրոն՝ ներգրավելով հայությանը հայկական աշխարհի կերտման գործընթացում. Արման Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային մրցունակության հիմնադրամը Հայաստանը «բրենդավորելու» եւ աշխարհի տարբեր երկրներում մեր պետությունը ներկայացնող տեղեկատվական կենտրոններ ստեղծելու լուրջ ծրագրեր ունի: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին տեղեկացրեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը` խոսելով աշխարհին ավելի ճանաչելի ու ընկալելի դառնալու համար Համաշխարհային հայկական ցանցի և երկրի բրենդավորման ծրագրերի մասին:

-Պարոն Խաչատրյան, ո՞րն է համաշխարհային հայկական ցանցի ստեղծման նպատակը, և ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն այս ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ և նպատակ ունի հիմնել Հայաստանի տեղեկատվական կենտրոններ ՀԲԸՄ աշխարհասփյուռ գրասենյակների ցանցում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով ասել է, որ մեր երկրի զարգացման ներուժը աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան համախմբելու հայությանը: Եվ, ինչպես գիտեք, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կառուցվածքն ինքնին կոչված է ամրապնդելու այդ արժեշղթան` հիմնադրամի խորհրդի կազմում սփյուռքահայ գործարարների ներգրավվածության ապահովմամբ: Հիմնադրամի խորհրդում ընդգրկված են հայկական ծագումով հայտնի գործարարներ, որոնք ոչ միայն դարձել են Հայաստանի բարի կամքի դեսպանները, այլև իրենց մտավոր և ֆինանսական ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Ավելին, ՀԱՄՀ կողմից կիրառվում են սփյուռքահայության մտավոր ներուժի համախմբման տարաբնույթ ծրագրեր ինչպես առողջապահության, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում` նաև մասնագիտական աշխատանքային խմբերի մակարդակով: Համաշխարհային հայկական ցանցի գաղափարը սկզբունքորեն նոր չէ և բխում է Հայաստանի քաղաքական ղեկավարության որդեգրած ծրագրերի ոգուց ու, միևնույն ժամանակ, հանդիսանում մեր գործունեության տրամաբանական շարունակությունը:

Ուստի այս նոր ցանցը լինելու է վերը նշված գործիքներից մեկը, որի նպատակն է` նորովի իմաստավորել հայկական Սփյուռքի դերն ու նշանակությունը և նրա բովանդակային ներգրավվածությունը տնտեսական զարգացման տարբեր հարթակներում և ծրագրերում:

-Որո՞նք են լինելու այդ կենտրոնների գործառույթները, և ո՞ր ոլորտներն են ընդգրկվելու տեղեկատվական փաթեթներում:

-Կենտրոններն իրականացնելու են տարբեր գործառույթներ՝ տեղեկատվության տրամադրման ֆիզիկական ենթակառուցվածքի ապահովում, համահայկական ցանցային համակարգի ստեղծում, հայության մտավոր ներուժի ներգրավում և հայկական վիրտուալ համայնքի ձևավորում:

Առաջին՝ կենտրոնները կտրամադրեն Հայաստանի վերաբերյալ բազմաբնույթ և բազմաբովանդակ տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության, ներդրումային հնարավորությունների, մշակույթի և այլ ոլորտների վերաբերյալ` մի կողմից սփյուռքահայությունը հաղորդակից դարձնելու Հայաստանի զարգացումներին և մյուս կողմից ընդգրկելու նրանց ներուժը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Ավելին, կենտրոնները կդառնան Հայաստանի փոքրիկ անկյուններ մեր Սփյուռքի համայնքներում, որոնք, ի թիվս այլ գործառույթների, առավել առարկայական կաշխատեն տվյալ շուկայի զբոսաշրջային գործակալների հետ և կխթանեն Հայաստանը և Արցախը այդ երկրներում:

Երկրորդ՝ կենտրոնների նպատակը լինելու է ոչ միայն իրազեկումը կամ տեղեկատվության տրամադրումը, այլև հայկական աշխարհի այնպիսի կամրջի ստեղծումը, որը Սփյուռքը կդարձնի հայաստանակենտրոն՝ ներգրավելով հայությանը հայկական աշխարհի կերտման գործընթացում: Դրանք կլինեն ինչպես Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված գործարար նախագծերի և ծրագրերի գեներացման անկյուններ, այնպես էլ հայկական մշակույթի ներկայացման անկյուններ:

Երրորդ՝ դրանք նաև լինելու են մտավոր ներուժի համախմբման կենտրոններ՝ ներգրավելով հայկական սփյուռքի ինտելեկտուալ կարողությունները Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում: Գիտելիքի ռեսուրսը մեր ազգին բնորոշ և մեր ունեցած ամենաանխոցելի ու կենսունակ ռեսուրսն է, որում արված ներդրումը լուրջ զարգացում է խոստանում մեր երկրին: Այդ իսկ պատճառով գիտելիքի ներհոսքն ու փոխանակումը և, ի վերջո, գիտելիքի առևտրայնացումը լինելու են մեր ծրագրի գերակա նպատակներից մեկը:

Չորրորդ՝ ելնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած մեծ հնարավորություններից, կստեղծվի նաև վիրտուալ հարթակ, որտեղ կմեկտեղվեն ողջ աշխարհում տեղակայված տեղեկատվական կենտրոնները հայկական տեղեկատվական ռեսուրսներով:

Տեղեկատվական ներկայիս դարաշրջանում վիրտուալ տարածքները դարձել են մրցակցության գլխավոր հարթակները, և հայկական տեղեկատվական ցանցերի այդ համախմբումը պիտի լինի մեր վիրտուալ կոնսոլիդացիայի գործիքներից մեկը:

Այսպիսով՝ հայկական կենտրոնները մի կողմից տրամադրելու են հարթակներ տեղեկատվական հաղորդակցության և փորձի փոխանակման իմաստով, մյուս կողմից խթանելու են Հայաստան-Սփյուռք երկխոսության ինստիտուցիոնալիզացիան:

-Պարոն Խաչատրյան, Դուք նշեցիք, որ համահայկական ցանցը կդառնա հայկական աշխարհի կամուրջ՝ իրականացնելով սփյուռքի ներգրավման գործառույթ: Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում առավել լայն ներգրավման գործառույթի իրականացման ուղղությամբ, ոչ հատվածական՝ դիցուք ներգնա զբոսաշրջության խթանման, այլ արտասահմանցուն Հայաստանին կապելու տեսանկյունից:

-Ինչպես քանիցս նշել եմ, զբոսաշրջության խթանումը բազմանպատակային գործընթաց է և, բացի ճանապարհորդության խթանումից, ենթադրում է նաև երկրի գովազդում, միջազգային հեղինակության բարձրացում: Այդուամենայնիվ, համաձայն եմ, որ Հայաստանի ճանաչելիության բարձրացումն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են առավել համընդգրկուն և բազմասպեկտ գործողություններ:Կարող եմ ուրախությամբ փաստել, որ ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի հանձնարարությամբ ՀԱՄՀ-ն նախաձեռնել է Հայաստանի բրենդավորման ծրագիրը: Այն իր բնույթով և բովանդակությամբ եզակի է լինելու ինչպես Հայաստանի պատմության, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության համատեքստում:

-Ի՞նչ խնդիրներ եք լուծելու այդ վարժությամբ:

-Ինչպես անել, որ երկիրը դառնա առավել ճանաչելի, առավել գրավիչ և, ամենակարևորը, առավել ընկալելի. սրանք են լինելու այն խնդիրները, որ պետք է հասցեագրվեն: Անհրաժեշտ է որոշել, թե մեր երկիրը ինչպես կարելի է թիրախային ներկայացնել աշխարհին, որ աշխարհն առնվազն զգայական հարթության վրա զուգորդումներ գտնի Հայաստանի հետ: Մեր հիմնական խնդիրը հենց այդ ասոցիացիաների ներարկումն է, հայկական ոգու, ինքնության արմատավորումը նորօրյա աշխարհի տրամաբանության մեջ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում նորօրյա աշխարհում հայկական ինքնության արմատավորումը:

-Հայությունն անհրաժեշտ է արտացոլել որպես գլոբալ ազգ, գլոբալ քաղաքակրթություն, ոչ երբեք՝ լոկալ: Գլոբալ քաղաքակրթություն` իր վեհ գաղափարներով, հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությամբ և որպես ամենակենսունակ ազգերից մեկը համաշխարհային պատմության մեջ: Այլ կերպ ասած՝ արդիականացնելու ենք մեր պատմական առաքելությունը: Գիտեք, աշխարհն աննախադեպ արագ է ընթանում, և մենք պետք է կարողանանք այնպես ներդնել մեր ինքնությունը աշխարհի ընքացքում, որ ոչ միայն համաձուլենք ազգայինն ու գլոբալը, այսինքն քայլենք աշխարհին համընթաց, այլև հարստացնենք աշխարհը մեր ինքնությամբ: 21-րդ դարը մեզանից պահանջում է պրագմատիզմ, և մենք պետք է ունակ լինենք դառնալու պրագմատիկ, պրագմատիկ մեր իդեալների և իրականության նկատմամբ: Սա է ինքնազարգացման և մյուս կողմից՝ գլոբալ զարգացմանը մասնակից դառնալու նախապայմանը:

Ուստի, տեղեկատվական նոր տարածությունները, փլուզվող հին համակարգերի և նոր ձևավորվող ինքնությունների կենսադաշտը, վիզուալ գործոններն ու ժամանակի արագությունը կլինեն այն պայմանները, որոնց առանցքում կզարգանա Հայաստանի բրենդը: Այն կհանդիսանա հայկական աշխարհի ներկայացման առանձնահատուկ մոդել, որը կարտացոլի մեր անցյալը, ներկան և ապագայի Հայաստանի մեր տեսալականն ու երազանքները:

Հարցազրույցը Հակոբ Վարդանյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում