Վարչապետը Շիրակի մարզում մասնակցեց վերանորոգված մանկապարտեզի բացմանը
2 րոպեի ընթերցում

ՊԵՄԶԱՇԵՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է գյուղական համայնքներում կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վերակառուցված մանկապարտեզը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կառավարությանը ղեկավարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզով, ծանոթացավ ստեղծված պայմաններին:
Տիգրան Սարգսյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին նախակրթարանի բացման կապակցությամբ եւ նշեց, որ նման ծրագրերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Մենք շարունակելու ենք միջոցներ հատկացնել ուսումնական հաստատությունների կառուցման եւ վերանորոգման համար` հետագայում ընդլայնելով նաեւ այդ ուղղությամբ հատկացումները»,-խոստացավ վարչապետը:
Մանկապարտեզի պատերը փոխարինվել են նոր կանոնավոր տուֆից պատերով, կապիտալ փոխվել են դռներն ու պատուհանները, վերակառուցվել են հատակը, էլեկտրասնուցման, ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման համակարգերը: Արտաքին պատերի ստորին հատվածները երեսպատվել են բազալտե սալերով: Բարեկարգվել է մանկապարտեզի հարակից տարածքը: Ծրագրի արժեքը 76 միլիոն դրամ է: Համայնքի մանկապարտեզի շենքը կառուցվել է 1960թ.: Նոր շենքը նախատեսված է 70 երեխայի համար: