Հասարակական

Կգա՞ ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարարը ներողություն կխնդրի անձամբ Շառլ Ազնավուրից. թուրք հոդվածագիր

3 րոպեի ընթերցում

Կգա՞ ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարարը ներողություն կխնդրի անձամբ Շառլ Ազնավուրից. թուրք հոդվածագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն քուրդ երգիչ Շիվան Փերվերի նման արդյոք անձամբ ներողություն կխնդրի՞ Շառլ Ազնավուրից: Կգա՞ մի օր, երբ ինչպես քուրդ երգիչը, այնպես էլ Ազնավուրը կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հարցադրումներ է «Ակոս»-ում`«Փերվերից հետո հերթն Ազնավուրի՞նն է» խորագրովիր հոդվածում արել թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն:

«Նրա ընտանիքի արմատները գալիս են այս հողերից: Աքսորի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերից մեկն էլ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն է: Կամ էլ ողջ աշխարհում հայտնի անվամբ` Շառլ Ազնավուրը…»,-գրում է հոդվածագիրը: Նա պատմում է, որ Ազավուրի մայրը` Քնար Բաղդասարյանն էր, իսկ հայրը Ախալցխայում ծնված Միշա Ազնավուրյանը: «Շառլ Ազնավուրի ծնունդը հրաշք էր բառիս բուն իմաստով`այնպես, ինչպես այն հայերը, ովքեր փրկվեցին «Մեծ ողբերգությունից» և այսօր նրանց թիվն անցնում է միլիոնները»,- գրում է հոդվածագիրը: Քորուջուն ներկայացնում է Ազնավուրի պատմությունն իր ընտանիքի մասին, այն մահվան ճանապարհի մասին, որի միջով ստիպված են եղել անցնել Միշա և Քնար Ազնավուրյանները: Այնուհետև հոդվածագիրը պատմում է, թե ինչպես են Ազնավուրի ծնողներն ազգությամբ հայ ամերիկացի մի կնոջ միջոցով կարողացել նավ նստել, որը նրանց տարել է Հունաստան, իսկ ապա` Ֆրանսիա: «Նրանք գնացին մի երկիր, որտեղ չգիտեին, թե ինչ բան է հայ լինելը… Ամեն անգամ նրանց հարցնում էին, թե արդյոք ռուս են, հրեա կամ արաբ, և նրանք շարունակում էին ապրել ազգային ինքնագիտակցությունը պահպանելով: Սակայն նրանց միտքը մշտապես իրենց պապերի ծնված երկիրն էր…»,- գրում է Քորուջուն` ասելով, որ չնայած այս ամենին երբևէ Շառլը վատ չի արտահայտվել Թուրքիայի հասցեին և երբեք իրեն թուրք ժողովրդի թշնամին չի համարել: Հոդվածագիրը նշում է, որ 89 ամյա շոնսոնյեն արդեն 89 տարի է հեռու է իր երկրից:

Հոդվածի վերջում անդրադառնալով նոյեմբերի 16-ին 38 տարվա դադարից հետո քուրդ արվեստագետ Շիվան Փերվերի այցին իր հայրենիք` Դիարբեքիր, Քորուջուն հարց է տալիս, թե արդյոք կգա մի ժամանակ, երբ քուրդ երգչի նման Շառլ Ազնավուրն էլ կգա Թուրքիա: «Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անձամբ Ազնավուրից ներողություն կխնդրի՞: Սա ժամանակը ցույց կտա…»,-եզրափակել է Սերդար Քորուջուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում