Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ-2013» -ում Հայաստանից շոկոլադի նման համեղ ելույթ է սպասվում

4 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ-2013» -ում Հայաստանից շոկոլադի նման համեղ ելույթ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ին կմեկնի Կիև` մասնակցելու Եվրոպայի հեղինակավոր պատանեկան մրցույթին: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանն իր Choco Factory`«Շոկոլադի ֆաբրիկա» երգով: Նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսում մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ նախքան մրցույթին մեկնելը լրագրողների հետ հանդիպումը յուրօրինակ ավանդույթ է դարձել:

«Մեր մասնակցի երգը գրել է ինքը` Մոնիկան իր վոկալի ուսուցչուհի էմմա Ասատրյանի համահեղինակությամբ»,- ասաց Գասպարյանը:

Թե որ համարի ներքո հանդես կգա մեր պատվիրակը, հայտնի կդառնա նոյեմբերի 25-ին, երբ մասնակիցներից յուրաքանչյուրն իր ձեռքով կհանի վիճակահանության թիվը: Մոնիկայի հետ բեմում լինելու են նաև նրա ընկերները, ովքեր հանդես են գալու որպես շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցներ: «Մեր մասնակցի ելույթը շոկոլադի նման համեղ է լինելու»,- նշեց Գասպարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` երգչուհի Էմմա Ասատրյանը նշեց, որ երեխաների հագուստները հեղինակել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Գործիքավորումն իրականացրել է Մարտին Միրզոյանը, իսկ բեմադրությունը` Վահան Բադալյանը: «Երգի տեքստում գերակշռող մասը հայերեն է»,- տեղեկացրեց Ասատրյանը` հավելելով, որ երգի գործիքավորումը բավական բարձր մակարդակ ունի և համապատասխանում է ժամանակակից բոլոր միտումներին:

Մոնիկա Ավանեսյանը խոստովանեց, որ շատ է ուրախացել Հայաստանը ներկայացնելու առթիվ: «Կփորձեմ լավ ներկայացնել իմ հայրենիքը, իմ վոկալի ուսուցչուհուն, ինչպես նաև ջութակի պրոֆեսոր Արմեն Հարությունյանին»,- ասաց Ավանեսյանը` բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իրեն սատարողներին:

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ Be Creative նշանաբանի ներքո: Հայաստանը մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: «Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում տարբեր մասնիկների միասնությունը: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ` «Եղի′ր ստեղծագործ» գաղափարի շուրջ:

Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:

Այս տարի, նախորդ մեկի փոխարեն, կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել «Մանկական Եվրատեսիլ-2014»-ին:

Հայաստանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա մրցույթը դիտել Առաջին ալիքով նոյեմբերի 30-ին ժամը 20:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում