3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը այցելուներին նոր ցուցադրությամբ է ներկայանալու: Նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց թանգարան, ծանոթացավ թանգարանի նոր ցուցադրությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ այսօր 90-ամյա տարեգրություն ունեցող թանգարանի համար բացառիկ օր է: «Թանգարանի նկատմամբ ցուցաբերված պետական աջակցությունը վերջին տարիներին ավելին է , քան խորհրդային տարիներն միասին վերցրած»,- ընդգծեց Վարդանյանը:
Թանգարանի ցուցադրությունը կազմակերպված է հինգ ցուցասրահներում, որոնցից առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը: Ժամանակային ընդգրկվածությունը կազմում է շուրջ 300 տարի` Սայաթ-Նովայից մինչև 20-րդ դարի վերջը:
Թանգարանի տնօրենը նշեց, որ ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության և արվեստի բնագավառների հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականաության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, թատերական, երաժշտական, գրական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:
Սրահների գունային ձևավորումը ևս ինքնանպատակ չէ: Գրականության 2 սրահներում իշխում է թանաքագույնը, իսկ թատրոնի և երաժշտարվեստի սրահներում կամարաշագանակագույնը. վերջինը թատրոններում և համերգասրահներում առավել ընդունված գույն է: Թանգարանն ունի հազարից ավելի ֆոնդ ու հավաքածու, որտեղ ընդգրկված է մոտ 1 միլիոն 300 հազար թանգարանային առարկա: Մշակութային այս կառույցն իրականացնում է նաև հրատարակչական գործառույթ` լույս ընծայելով հայ գրողների ու արվեստագետների անտիպ գործեր, նամակներ և հուշագրություններ:
Հիմնադրման ժամանակվանից ` 1921 թվականից ի վեր թանգարանում կատարվել են միայն մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մինչ ներկայիս նոր ցուցադրությունը, տարբեր տարիներին ներկայացվել են երեք հիմնական ցուցադրություններ:
2011-2012 թվականներին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով հիմնանորոգվել են թանգարանի և նրա մասնաճյուղ Գորիսի` Ակսել Բակունցի տուն-թանգարանի շենքերը: Առաջինի համար տրամադրվել է 147 միլիոն դրամ, իսկ երկրորդի գումարի չափը կազմել է 30 միլիոն դրամ: 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ԳԱԹ-ի մասնաճյուղերից 2-ը` Դսեղի Հովհաննես Թումանյանի և Գորիսի Բակունցի տուն-թանգարաններն ապահովել է ջեռուցման համակարգերով:
Նշյալ համակարգերի լիարժեք շահագործումն ապահովելու նպատակով իրականացվել են հարակից աշխատանքներ. շենքերի հիմնապատերը ջրամեկուսացվել են, սենյակները` ջերմամեկուսացվել: