Էլինար Վարդանյանն ընդունել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի հետ: Նա տարածաշրջան է այցելել փաստահավաք առաքելությամբ՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների դերի եւ պաշտպանվածության ամրապնդումը» թեմայով զեկույց նախապատրաստելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պարբերաբար հանդիպում է հասարակական կազմակերպությունների հետ, քննարկում նրանց հուզող խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկում օրենսդրական փոփոխություններ:
Տիկին Վարդանյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակին: Նա ընդգծել է, որ խնդիրներ կան հատկապես կալանավորման հետ կապված: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ գրավի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ: Խոսելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից՝ տիկին Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում այդ թեմայով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ: Տիկին Վարդանյանն անդրադարձել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծերին:
Կողմերը քննարկել են նաեւ հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: