ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, այս տարվա նոյեմբերի դրությամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցն օգտագործողների թիվը մոտ 560 հազարի է հասնում: Անցած երկու ամիսների ընթացքում գրանցվել է մոտ 20 հազարի աճ, ինչը վերջին երկու տարիների ընթացքում օգտատերերի թվի աճի միջին կայուն ցուցանիշ է: Ներկայում Ֆեյսբուքից օգտվում է Հայաստանի բնակչության մոտ 19 տոկոսը (ամեն 5-րդ բնակիչը) և ինտերնետ օգտագործողների կեսը` 42 տոկոս: Այս ցուցանիշները ստացվել են Ֆեյսբուքի օգտագործման վերաբերյալ Հայաստանում կատարված հետազոտության արդյունքում եւ ներկայացվեցին «Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում. օգտագործումը և օգտատերերը» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ: Ինչպես նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանում ինտերնետային տարածքն ազատ է մի շարք սահմանափակումներից, միևնույն ժամանակ այստեղ առկա են ժողովրդավարական նորմերի հանդեպ հարգանքի և լրագրողական էթիկայի պահպանման հարցերը: «Նոր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ամենաբաց ու հասարակական հարթակն են խոսքի ազատության համար: Դրանց առաջացումը կտրուկ փոխեցին պատկերացումները մեր գաղափարներն արտահայտելու և կարծիքները փոխանակելու ձևերի հանդեպ: Հուսով եմ` այս քննարկումը կնպաստի առցանց միջավայրում ազատ արտահայտվելու իրավունքի և էթիկայի չափանիշների հարգման միջև հավասարակշռության հասնելու արդյունավետ մեխանիզմների բացահայտմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Անդրեյ Սորոկինը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի դիտարկմամբ` սոցիալական ցանցերը մեծ դերակատարում ունեն Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում: «Սոցիալական ցանցերը փոխել են հասարակությունների կյանքը, դրանք մեզ ինտեգրել են գլոբալացող աշխարհին: Մարդիկ ուղղակի տեղեկատվության կրողներից զատ, իրենք են դառնում դրա տարածողները, որն այսօր հնարավոր է նոր մեդիաների միջոցով»,-նշեց Հոա-Բին Աճեմյանը` հավելելով, որ հաղորդակցության այս ուղին դարձել է յուրահատուկ գործիք Հայաստանում ժողովրդավարություն կերտելու ճանապարհին:
Ռեգիոն հետազոտական կետրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ այսօրվա Ֆեյսբուքի լսարանը հայ հասարակության միկրոպատկերն է. այն ձևավորված է տարբեր տարիքի և զանազան քաղաքական և սոցիալական ոլորտների մարդկանցից: «Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե սոցիալական ցանցերը ինչ դերակատարություն ունեն Հայաստանում բազմակարծիք տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև դրա ազդեցությունը հանրության տարբեր հատվածների վրա»,-նշեց Լաուրա Բաղդասարյանը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայ օգտատերերը, հիմնականում, տեղեկատվություն են տարածում և փնտրում, ինչպես նաև այն օգտագործում են որպես շփման միջոց: Հետազոտությունն անցկացվել է քաղաքական և հասարակական գործիչների, մեդիա շրջանակների, կրթամշակութային գործիչների և կառույցների, բիզնես կառույցների և անհատ ձեռներեցների, ինչպես նաև սովորական քաղաքացիների շրջանում` օգտատերերի 5 խմբեր, յուրաքանչյուրում` 30-ական հարցված, ընդամենը` 150 հարցված: Հետազոտության ընթացքում քննարկվել են հարցեր, թե ինչպիսիք են սոցիալական մեդիաները, քաղաքացիական ակտիվությունը և քաղաքական գործընթացների թափանցիկությունը, ավանդական և նոր մեդիաների միջև հարաբերակցությունը, ինչպես նաև սոցիալական մեդիաները և տեղեկատվության անվտանգությունը: Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: