Հնագետները Դվինի պեղավայրում եզակի եւ հետաքրքիր բնակելի թաղամաս ու շինություններ են բացել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի հնավայրի գտածոները` ջնարակված խեցեղենը, ապակու որոշ տեսակներ, կարող են էտալոն լինել տարածաշրջանի համար: Հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Նյուրա Հակոբյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով 2013-ի պեղաշրջանի աշխատանքը, նշեց, որ աշխատանքներն ընթացել են կենտրոնական թաղամասի` կաթողիկոսական 5-րդ դարի պալատի արեւմտյան եւ արեւելյան հատվածներում: «Պեղումներ են իրականացվել նաեւ հարավային բուրգի շրջանում, կաթողիկոսական պալատի հարավ-արեւմտյան հատվածում, որի արդյունքում բացվել է վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան` երկու օդամուղերով: Արեւմտյան հատվածում բացվել է արաբական շինության պատի մի հատված, արեւելյան հատվածը եղել է թաղումներով պատված եւ այդտեղ պեղումները դադարեցվել են»,-տեղեկացրեց արշավախմբի ղեկավարի տեղակալը: Հնավայրի հարավային բուրգում պարսպապատին կից բնակելի թաղամաս է բացվել (11-13 դդ.), շինություններում բազմաթիվ թոնիրներ են եղել զետեղված:

Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ հնավայրի հյուսիս-արեւմտյան լանջին, որտեղ, Հակոբյանի խոսքով, եզակի եւ հետաքրքիր աղյուսաշեն շինություն է բացվել` գիպսե հարդարանքով եւ հախճապակե թասերով: Արշավախումբն աշխատանքները կվերսկսի 2014-ին, պեղումները այս հատվածում եւս կշարունակվեն` հնագետի համոզմամբ մի շարք վիճահարույց հարցերի պատասխաններ գտնելու նկատառումով: Պեղման աշխատանքներ են ընթացել նաեւ բլրի հյուսիսային գագաթին, որտեղ անտիկ դարաշրջանի շերտեր են բացվել:
Հայտնաբերված վաղ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանով թվագրվող իրերն ու առարկաները` խեցեղեն, դրամների գտածոներ, մետաղներ կհանձնվեն վերականգնողական լաբորատորիա: Առավել արժանիները, ըստ հնագիտական արշավախմբի ղեկավարի, հետագայում կհանձնվեն Հայաստանի պատմության թանգարանին:

Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Ավերակների վերածված նախկին ծաղկուն ու զարգացած քաղաքը Միջնադարյան Հայաստանի բարձր մշակույթի պատմական վկան է: Զարգացած են եղել արհեստագործական ճյուղերը, կավագործությունը, մշակույթը, շինարարությունը, քաղաքը նաեւ առեւտրային ճանապարհների խաչմերուկ է եղել: Տարբեր ժամանակների պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ:

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: 1937 թ. սկսած Դվինի ավերակներում, ընդմիջումներով հնագիտական պեղումներ են իրականացվել Ն. Մառի, Խ. վարդապետ Դադյանի, Ս. Տեր-Ավետիսյանի, Կ. Ղաֆադարյանի, Ա. Քալանթարյանի կողմից: Այս տարի եւս բացառություն չէր: Շուրջ երկու ամիս հնավայրի տարածքում ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հինգ աշխատակիցներ (արշավախմբի ղեկավար Հուսիկ Մելքոնյան, Ֆրինա Բաբայան, Աղավնի Ժամկոչյան` միջին դարերի հնագիտության բաժնից) եւ Գայանե Քոչարյանը` անտիկ հնագիտության բաժնից: