Հայաստանն ապրում է երկու հարևանների կողմից շրջափակման մեջ. ՀՀ վարչապետ

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ուկրաինական segodnya.ua կայքին, որում անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման պատճառներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բարդություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների դերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

- Հայաստանի իշխանություններն ինչու՞ որոշեցին անդամակցել Մաքսային միությանը (ՄՄ):

- Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է: Երկարատև ուսումնասիրություններն ու քննարկումները, իմ կարծիքով, ավարտվեցին հաջողությամբ, և մենք Մաքսային միությանն անդամակցելու առաջարկ ներկայացնելու հնարավորություն ստացանք: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ ուսումնասիրությունների տեղիք է տալիս՝ բացասական և դրական հետևանքները հասկանալու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, իսկ Հայաստանի արտադրանքը հիմնականում սպառվում է ռուսական շուկայում: Եվ ակնհայտ է, որ Եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներից մեկուսացումը կհանգեցնի մրցունակության կորստի: Ավելին, այդ դեպքում մեր համագործակցության գործընթացում կարող են որոշակի սահմանափակումներ դրվել, որոնք կխանգարեն ՀԱՊԿ-ի հետ մեր ռազմավարական և գործընկերական հարաբերություններին: Հետխորհրդային տարածքի երկրների միջև փոխհարաբերությունների հսկայական պոտենցիալ կա, և հայկական ընկերությունները շահագրգռված են, որպեսզի Մաքսային միության շուկան առավելագույնս հասանելի լինի մեզ համար: Մաքսային միության անդամ երկրների հետ ինտեգրման ավելի բարձր մակարդակը, ինչպես նաև առևտրի ոլորտում տեխնիկական խնդիրների վերացումը Հայաստանում կխթանի տնտեսական աճը: Սակայն այստեղ մեզ համար նաև որոշակի ռիսկեր կան: Մաքսային միության տուրքերը երկու անգամ գերազանցում են երրորդ երկրների հետ մեր մաքսային պարտավորություններին: Սակայն մենք տեսնում ենք, որ Մաքսային միությանը և տնտեսական միասնական տարածքին անդամակցելով` Հայաստանն ընդհանուր առմամբ կշահի:

- Ուկրաինան նոյեմբերին պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մտավախություն կա, որ Ռուսաստանն այս քայլին կոշտ պատասխան կտա, ինչի արդյունքում ոչ բոլոր ապրանքները կկարողանան հին եղանակով հայտնվել Մաքսային միության շուկայում: Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է սահմանափակումներ դնել ուկրաինական ապրանքի վրա՝ հետևելով Մաքսային միության կանոններին:

-Մենք երրորդ երկրների ապրանքների ներկրման համար խոչընդոտներ ստեղծելու առաջադրանք և նպատակ չունենք: Մաքսային միության և Եվրասիական միասնական տնտեսական տարածքում իսկապես գործում են մաքսային նույն սակագները, նույն կանոնները, որոնք ապահովում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը: Հայաստանը որպես Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամակցության թեկնածու՝ օրենսդրական բարեփոխումների իրականացման նոր ծրագիր է մշակում: Մաքսային միությանն անդամակցելուց հետո մենք որոշումների ընդունման լիիրավ անդամ կդառնանք և հաշվի կառնենք Մաքսային միության անդամ երկրների ընդհանուր շահերը:

-Ղարաբաղյան հարցը որոշիչ եղավ «Եվրոպական միությու՞ն, թե՞ Մաքսային միություն. ո՞ր կառույցին կանդամակցի Հայաստանը» երկընտրանքում:

-Յուրաքանչյուր ազգ ունի իր ճակատագիրը։ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ունի կարևորագույն նշանակություն, այդ պատճառով մեր բոլոր ծրագրերը ուղղված են այն բանին, որ Արցախի բնակչությունը հնարավորություն ունենա ազատորեն ապրել և ստեղծագործել իր հողում։ Այնուամենայնիվ, ես չէի կապի Լեռնային Ղարաբաղի հարցը տնտեսական ինտեգրացիայի ընտրության հետ։ Կան հիմնական հարցեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպե՞ս կդրսևորի իրեն Հայաստանը տարածաշրջանում, ինչպե՞ս է տեսնում իր ապագան, արտաքին քաղաքական և տնտեսական ինչպիսի՞ հարաբերություններ կստեղծի։ Այս բոլորը համալիր և բարդ հարցեր են։ Անվտանգության, տնտեսական բարեկեցության, քաղաքականության, մշակութային զարգացման ուղղությունների ընտրության հարցերը հանգեցնում են այն եզրակացությանը, որ ՌԴ-ի և ՄՄ այլ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր ազգի շահերից։ Հարցի այսպիսի ըմբռնումն է որոշիչ գործոն հանդիսացել ընտրության ժամանակ, թե ու՞ր գնալ, ո՞րն է ավելի ճիշտ։

-Հարևան պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծելու հնարավորություններ կա՞ն ։

-Մենք միանշանակորեն ձգտում ենք դրան և հասկանում ենք, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ։ Բանակցային գործընթացի շրջանակներում, որը բավականին երկար ժամանակ ընթանում է ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի հետ, ձևակերպված են այն մոտեցումները, որոնք ենթադրում են որոշ փոխզիջումներ ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի կողմից։ Մենք կառուցողական ենք տրամադրված։ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հանդես եկավ Թուրքայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու նախաձեռնությամբ։ Սակայն, ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ դրան։ Նա միակողմակիորեն պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումները և չի կարող դրանցից որոշակի հեռավորության վրա գտնվել:

-Հնարավո՞ր է, արդյոք, որ Թուրքիան ավելի լոյալ լիներ, եթե Հայաստանում ի հայ չգար Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի սրբացման գաղափարը:

-Այդ նախաձեռնությունը բխում է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ Հայկական եկեղեցուց: Հայաստանն աշխարհիկ պետություն է: Որքանով հայտնի է, Թուրքիան նույնպես հանդես է գալիս որպես աշխարհիկ պետություն, և այդ պատճառով ես չեմ կարծում, որ եկեղեցու կողմից նմանատիպ որոշումները պետք է խոչընդոտեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Եթե միահյուսենք այս երկու գործընթացները, ապա դժվար կլինի գտնել երկու հարևան երկիր, ովքեր պատմության ընթացքում որևէ հակամարտություն ունեցած չլինեն: Նորմալ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ նայել ապագային` իհարկե, չմոռանալով անցյալի դասերը: Իսկ անցյալի մեջ անհրաժեշտ է փնտրել փաստարկներ, որոնք օգնում են առաջ շարժվել: Այդ տեսանկյունից մեր Նախագահի նախաձեռնությունն ուղղված էր դեպի ապագան, և ես կարծում եմ, որ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է: Թուրքիան դեռ պատրաստ չէ քաղաքական կամք դրսևորել այդ հարցում: Մյուս կողմից` այն այսօր իրեն դրսևորում է որպես մեկ ազգ-երկու պետություն: Թուրքիան հենց այդ պլատֆորմի շրջանակում է աջակցում Ադրբեջանին:

-Ինչպե՞ս է, այնուամենայնիվ, հաջողվում այդ պայմաններում զարգացնել Հայաստանի տնտեսությունը:

- Հայաստանի զարգացման համար լուրջ խնդիրներ է առաջացնում այն փաստը, որ մեր երկիրը գտնվում է երկու հարևանների կողմից փաստացի շրջափակման մեջ: Արտաքին-առևտրային գործողություններ կատարելու համար դժվարություններ են ստեղծում Իրանի դեմ պատժամիջոցները, և միակ ճանապարհը, որը թույլ է տալիս մեզ միջազգային առևտրային հարաբերություններ պահպանել, Վրաստանով անցնող ճանապարհն է: Դա հայկական տնտեսության շատ ճյուղերում մրցունակության նվազման գլխավոր պատճառներից մեկն է: Բայց, հայտնվելով այդպիսի պայմաններում, Հայաստանը սկսել է զարգացնել նվազ էներգատար և տրասնպորտատար, բայց, միաժամանակ, ինտելեկտուալ ոլորտներ, որոնց համար պահանջվում է քիչ նյութեր, և որոնք թողարկում են ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք: Դա, առաջին հերթին, ՏՏ ոլորտն է, որի արտադրության ծավալները վերջին 5 տարիներին համեմատելի են արդեն լեռնահանքային արդյունաբերութայն հետ:

Մենք խթանում ենք այն ոլորտների զարգացումը, որտեղ ունենք համեմատական առավելություններ և արտահանման պոտենցիալ: 2,5 տարի առաջ Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք հայկական տնտեսության հնարավորությունների հետազոտություն անցկացրինք, առանձնացրինք առաջնահերթ ճյուղերը և մշակեցինք արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն: ՏՏ ոլորտից բացի, բավական լուրջ զարգացման առաջընթաց են ապահովել դեղագործական արդյունաբերությունը, կոնյակի արտադրությունը, գինեգործությունը, ճշգրիտ սարքաշինությունը, ոսկերչական արդյունաբերությունը և այլ ոլորտներ: Այսօր մեր առջև տնտեսության և արտաքին կապերի դիվերսիֆիկացիայի խնդիր է դրված` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով: Այդ պատճառով, եվրաինտեգրման և եվրասիական ինտեգրացիայի հարցերը «կամ-կամ»­-ի խնդիր չեն, այլ «և-և»-ի:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա