ՄԱԶԾ-ն և ԱՀԱԸ-ն միջոցներ են ձեռնարկում ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների ուղղությամբ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և Ամերիկյան Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ստորագրել են համաձայնագիր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագիրը շարունակելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրման արարողությանը ներկա են գտնվել և մասնակիցների հետ իրենց փորձն ու նախաձեռնության հետագա ընդլայնման վերաբերյալ գաղափարները կիսել ԵԱԱ-ի նախկին շահառուները: ԵԱԱ-ն վճարովի պրակտիկայի ծրագիր է, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս առաջին անգամ ներգրավվելու իրենց կրթությանը համապատասխանող աշխատանքում և ձեռք բերելու արժեքավոր աշխատանքային փորձ ու գործնական գիտելիքներ, որը կնպաստի նրանց մրցունակությանն աշխատաշուկայում: Այն կրթություն ստացած, սակայն գործազուրկ հանդիսացող երիտասարդներին (նորավարտ) ապահովում է առաջին վճարովի մասնագիտական աշխատանքային փորձով՝ հետագա զբաղվածությանը նրանց լավագույնս նախապատրաստելու համար:
«2012թ.-ից մենք ունենք հաջող համագործակցության պատմություն ԱՀԱԸ-ի հետ, քանի որ կարողացանք աջակցել գործազուրկ երիտասարդությանն աշխատանք փնտրելու շրջանում՝ տրամադրելով անմիջական զբաղվածության հնարավորություն պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը դոնորների, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության հիանալի օրինակ է, որն ունի հետագա զարգացման և ընդլայնման լայն ներուժ՝ հանուն հայ երիտասարդության»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ամերիկյան Հայ Ավետարանչական Ընկերակցությունը համաֆինանսավորում է ԵԱԱ-ին, քանի որ վստահ է, որ Հայաստանում երիտասարդության զբաղվածությունը հանդիսանում է զարգացման հիմնական առաջնայնություններից և կարող է մեծապես նպաստել տնտեսական աճին և լուծել զբաղվածության որոշ մարտահրավերներ, որոնց բախվում են երիտասարդները մեր երկրում: ԱՀԱԸ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է կարիքավոր մարդկանց 24 երկրներում: Այն հիմնադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ում: «ԱՀԱԸ-ն սկսել է իր գործունեությունը Հայաստանում` իրականացնելով հումանիտար և բժշկական ծրագրեր: Սա անհրաժեշտ էր 1990-ականների սկզբի «մութ տարիներին», երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական ծանր պայմաններում և առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն կար: Վերջին տարիներին զանազան կրթական և զարգացման ծրագրերի միջոցով ԱՀԱԸ-ն իր ուժերը կենտրոնացրեց մարդկանց կենսամակարդակի և ինքնաապահովման վրա՝ երաշխավորելով նրանց համար արժանապատիվ կյանք: ԵԱԱ-ն այս ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է: Մենք մեծապես արժևորում ենք մեր գործընկերությունը ՄԱԶԾ-ի հետ», - իր հերթին նշել է ԱՀԱԸ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը: Ենթադրվում է, որ մոտ 60 պրակտիկանտներ՝ 19- 25 տարեկան (ներառյալ), որոնք ունեն առնվազն բակալավրի աստիճան և լավ ակադեմիական առաջադիմություն, կներգրավվեն վեցամսյա պրակտիկայի ծրագրում հաջորդ տարվա ընթացքում:
2007-2013 թվականներին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն իրականացրել է ԵԱԱ ծրագրի չորս փուլ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում և պահանջարկ է ձեռք բերել ինչպես բուհերի շրջանավարտների, այնպես էլ գործատուների շրջանում: Ընդհանուր առմամբ, 180 նորավարտ երիտասարդներ ԵԱԱ պրակտիկա են անցել Երևանում և Հայաստանի վեց մարզերում, և պրակտիկանտների մոտ հիսուն տոկոսին ծրագրի ավարտից հետո մշտական աշխատանք է առաջարկվել գործատու կազմակերպությունների կողմից: