Հասարակական

Հասան Ջեմալը ցավում է իր պետության գործած հանցագործությունների համար

3 րոպեի ընթերցում

Հասան Ջեմալը ցավում է իր պետության գործած հանցագործությունների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր անցել է 90 տարի, սակայն պետությունը դեռ չի կարողացել կայանալ իբրև իրական ժողովրդավար և իրավական պետություն: Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, հանրապետության հիմնադրման տարեդարձին նվիրված հոդվածում անդրադարձել է պատմության ընթացքում պետության գործած մեղքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական t24.com-ը, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռը` որպես պետության գործած հանցագործություն նշում է 1915 թվականի դեպքերը, Հրանտ Դինքի սպանությունը:

«90 տարի առաջ հանրապետությունը հիմնադրելու ժամանակ եթե պահանջեին 1915 թվականի նման մարդկության դեմ գործած հանցագործության հաշիվը, արդյոք այսօր Թուրքիայի Հանրապետությունը ժողովրդավարության և իրավական պետության, խաղաղության և ներքին հանգստության տեսակետից ավելի առաջադեմ դիրքերում չէր լինի: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր այս երկրի պատմությունը վերաշարադրելն արդյոք մի մեծ սխալ չէ»,- գրում է Ջեմալը: Նա նշում է, որ 1915-1916 թվականներին հայերին պատկանող գույքին և սեփականությանը տիրելը, որը հիմք հանդիսացավ թուրքական բուրժուազիայի ստեղծման համար, երբեք չուսումնասիրվեց համալսարաններում: «Ուզում եք անվանեք կոտորած կամ Հայոց ցեղասպանություն կամ աքսոր կամ էլ ողբերգություն. օսմանյան պատմության ամենաարյունոտ էջը համարվող 1915 թվականի դեպքերի պատասխանատվությունը «Իթթիհաթ վե թերաքքի»-ից («Միություն եւ առաջադիմություն» կուսակցություն) պահանջելու փոխարեն այս մեղքը պետությունն իր վրա վերցրեց: Արդյոք «Իթթիհաթ վե թերաքքի»-ի գաղափարներից եկող ուրվականները չեն, որ 90 տարվա հանրապետական պատմության ընթացքում մեզ հանգիստ չեն տալիս… Իհարկե հանրապետությունը հաջողություններ էլ ունի, սակայն կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ 90 տարի անցած, սակայն դեռևս ժողովրդավարանալ չկարողացած մեր հանրապետությունը կհիշենք ոչ միայն փառքով, այլ նաև իր մեղքերով»,- եզրափակում է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում